Հայտնի է հաշմանդամության թեմայով մրցույթի հաղթողի անունը

Հանրային լրագրության ակումբն ամփոփեց հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին վերաբերյալ թղթակցության մրցույթը և ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող ճանաչվեց Փառանձեմ Հովհաննիսյանը`  «Լքել են հաշմանդամություն ունենալու համար» թղթակցության համար: Նա մրցանակ ստացավ  անդրոիդ համակարգով աշխատող խելացի-հեռախոս

Մրցույթին դիմել էին 9 հանրային թղթակիցներ`  9 թղթակցություններով:

Փառանձեմը գրել է Էմիլի ու Կարինեի մասին, ովքեր, ինչպես հեղինակն է  նշում, ծնված օրվանից միասին են.  նրանց առաջին ապաստանը եղել է Զատիկ մանկատունը, ապա ութ տարի սովորել ու ապրել են Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցում, որից հետո` 2001-ից տեղափոխվել են Կապանի հատուկ դպրոց:
  
Էմիլը ու Կարինեն հաշմանդամություն ունեն, նրանց ծնողները լքել են իրենց հենց այդ պատճառով: Սակայն հանդիպելով իրար` կարողացել են միասին հաղթահարել բազմաթիվ դժվարությունները, ամուր ու երջանիկ ընտանիք կազմել: 

Փառանձեմի թղթակցությունը MyNews.am կայքում ընթերցվել է ավելի քան 950 անգամ, տարբեր հարթակներում տարածվել 455 անգամ, իսկ Facebook սոցցանցում ստացել է 176 Like:

ՀԼԱ աշխատակազմը եւ ժյուրին շնորհավորում են  Փառանձեմին եւ հրավիրում ՀԼԱ գրեսենյակ` ստանալու մրցանակը:

Ժյուրիի կազմում էին Hetq.am-ի լրագրող Անի  Հովհաննիսյանը,  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի «Ազգային կրթություն» ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը, լրագրող, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը,  «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը եւ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, «Հույսի կամուրջ» ՀԿ-ներկայացուցիչ Զառա Բաթոյանը:

Մրցույթի նպատակն էր խթանել  երիտասարդների, ակտիվ քաղաքացիների ու հանրային թղթակիցների` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների բարձրաձայնմանը հանրային թղթակցությունների, բլոգային գրառումների եւ նոթագրությունների միջոցով:

Print Friendly and PDF