Ավարտվեց ՀԼԱ-ի դասընթաց-ճամբարը

Մարտի 27-ին ավարտվեց  Հանրային լրագրության ակումբի Հանրային թղթակցության 2-րդ ուսումնական դասընթաց-ճամբարը, որը սկսվել էր այս տարվա մարտի 23-ին: 

Ճամբարին մասնակցեց 10 հանրային լրագրող և 10 հանրային թղթակից: Որպես ազատ ունկնդիրներ` մեզ միացել էին ուսանողներ Կովկասի ինստիտուտից: 

Բացման խոսքով հանդես եկավ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, ով ներկայացրեց նաև հանրային թղթակիցների  և լրագրողների համար նախատեսված mynews.am կայքը, որը գործարկվել է այս տարվա հունվարի 15-ին: 

Դասընթացի առաջին երեք օրը դասախոսություն կարդաց Վրաստանից հրավիրված լրագրող, սոցիալական եւ ավանդական լրագրության ու մեդիայի մասնագետ, Eyewitness Reporting Studio-ի գլխավոր խմբագիր, Go Group Media ընկերության հիմնադիր Մարգարիտա Ախվլեդիանին: 

Ի՞նչ է հանրային  լրագրությունը և  որո՞նք են դրա 6 ամենատարածված տարատեսակները`  «մեկնաբան», «օգնական», «բլոգեր», «ես`մեդիա», «ես`մեդիա ընդլայնված ձեւաչափով», «մասնագետներ+ոչ մասնագետներ» . այս թեմաները քննարկեցին դասընթացի մասնակիցները` քննարկումները համադրելով պրակտիկ աշխատանքների հետ: 

Մասնակիցները նաեւ քննարկեցին, թե ինչպես կարող են լրագրողներն ու հանրային թղթակիցները համագործակցել միմյանց հետ: 

Դասընթացավար, Media.am կայքի խմբագիր, «Ինտերնյուս  Հայաստան» ՀԿ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց մուլտիմեդիա ժանրերը եւ օրինակներով ցույց տվեց, թե ինչպես կարելի է համացանցում պատմել պատմություն:

Նա ներկայացրեց նաև լրագրությունում վիզուալիզացիայի այբուբենը, մասնավորապես ցուցադրեց, թե ինչպես կարելի է պարզ ու մատչելի ներկայացնել թվերը կամ այլ վիճակագրական տվյալներ, որից հետո մասնակիցների պատրաստած նյութերի վերաբերյալ քննարկում ծավալվեց:

Մասնակիցները դասըթնացի ընթացքում պատրաստեցին 27  թղթակցություններ` Երևանի «կնճռոտ» խնդիրների մասին, որոնք տեղադրվեցին «Իմ լուրերը» կայքում:
 
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև սկայպ միացումով լսել եգիպտացի  բլոգեր, Բիրմինգhեմի համալսարանի կրտսեր հետազոտող Նոհա Ալի Աթեֆիի դասախոսությունը: Նոհան պատմեց Եգիպտոսում սոցիալական մեդիայի եւ հասարակական ակտիվիստների դերի մասին:  Նա նաեւ խոսեց, թե ինչպես կարող են լրագրողները օգտվել սոցիալական մեդիայից եւ հանրային թղթակիցների ստեղծած նյութերից: 

Իսկ օրվա երկրորդ հատվածը նվիրված էր ընտրությունների ճիշտ լուսաբանմանը:

Սամվել Մարտիրոսյանը, ով  ինտերնետային անվտանգության եւ սոցիալական մեդիայի մասնագետ է, ներկայացրեց իր դիտարկումները ընտրությունների լուսաբանման, Հայաստանում ընտրական պրոցեսների ժամանակ սոցիալական հարթակներում հայտնված արձագանքների մասին: Նա մի շարք երկրների օրինակով ցույց տվեց նաև, թե ինչպես կարելի է լուսաբանել ընտրությունները և ներկայացրեց iԴիտորդ կայքը, որ ստեղծվել է ընտրությունները լուսաբանելու համար: 

Մասնակիցները ծանոթացան քարտեզանշման հմտություններին եւ Սամվել Մարտիրոսյանի հետ միասին Google maps-ում պատրաստեցին Երևանի գրադարանների հասցեները ու հեռախոսահամարները պարունակող քարտեզ: Նրա օգնությամբ նաեւ սովորեցին, թե ինչպես պետք է մշակել գաղտնաբառերը, պաշտպանել անձնական տեղեկատվությունը եւ ինչպես պետք է պաշտպանված լինել համացանցում հնարավոր վտանգներից:

Դասընթացի մասնակիցները քարտեզանշման հմտությունների ու հարթակների մասին սկայպ միացման միջոցով զրուցեցին նաև «OpenStreetMap» հիմնադրամը ներկայացնող Միկել Մըրոնի հետ (ԱՄՆ, Նյու-Յորք):

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը, ով նույնպես հյուրընկալվել էր դասընթացին, մասնակիցների հետ քննարկեց հնարավոր ընտրական խախտումները, դիտորդական առաքելության առանձնահատկությունները, ընտրական օրենսգիրքն ու ընտրությունները լուսաբանող լրագրողների իրավունքները: 

Դասընթացի նախօրեին մասնակիցներին բաժանվել էր ընտրություններին մասնակցող դիտորդների համար պատրաստված ստուգարքի հարցաշարն ու պատասխանները: Դասընթացի մասնակիցները պետք է «քննություն» հանձնեին այդ հարցաշարի հիման վրա: Յուրաքանչյուր մասնակից «հարցապարկից» կարող ընտրել մինչեւ հինգ հարց: Քննությունն անցավ բավականին զվարթ մթնոլորտում. կարելի է ասել, որ դասընթացի մասնակիցները ըստ արժանվույն էին պատրաստվել քննությանը և կարողացել էին մտապահել ընտրությունների եւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարեւոր տեղեկությունները: 

Դասընթաց-ճամբարին մասնակցած հանրային թղթակիցների և լրագրողների մեծ մասը ցանկություն հայտնեցին նաև մասնակցել ապրիլի 20-ին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ մեկնարկվելիք «Ընտրությունների լուսաբանման հմտությունները» թեմայով հանրային թղթակցության հնգօրյա դասընթաց-ճամբարին և նախընտրական գործընթացներն ու բուն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելուն:

Մասնակիցները նաեւ ուսումնասիրեցին, թե ինչպես են կիրառվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի և զրպարտությանը վերաբերող հոդվածները: 

Այս դասաժամն անցկացրեց իրավաբան Գեւորգ Հայրապետյանը`Ինֆորմացիայի ազատության կենտրոնից: Նա նաեւ ներկայացրեց ինֆորմացիայի ազատության մասին օրենքը: 

Դասընթացի` օպերատրության եւ լուսանկարչության վարպետության ժամն անցկացրեց Ինտերնյուս Հայաստան ՀԿ-ից լուսանկարիչ եւ օպերատոր Հակոբ Հովհաննիսյանը: 

Ինչպե՞ս չ'լուսանկարել եւ չտեսանկարահանել: Հակոբ Հովհաննիսյանն ու մասնակիցները դիտեցին բոլոր այն նյութերը, որ պատրաստվել էին դասընթացի շրջանակներում` քննարկելով յուրաքանչյուր լուսանկար ու տեսապատմություն: 
Հակոբ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես ինքը կտեսանկարեր ու կլուսանկարեր տվյալ դեպքում: 

Օրվա վերջում ցուցադրվեց Սեդա Մուրադյանի հեղինակած «Տնից` տուն» ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղյան պատերազմից առաջ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի եւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում մնացած գերեզմանները:

Հանրային լրագրության ակումբի 2-րդ ուսումնական ճամբարի ավարտին մասնակիցները ստացան վկայագրեր, իսկ դասընթացի շրջանակներում ստեղծված նյութերից լավագույնները` խրախուսական մրցանակներ:

Մրցանակակիրներ դարձան.

Անուշ Շիլաջյանն ու Սաթենիկ Մելքոնյանը` «Նորքի մերկացող հսկան» ֆոտոպատմության համար: Մրցանակ` mynews.am –ի բաժակներ:

Մարիամ Առաքելյանն   ու Արփինե Մինասյանը` «Էս էլ մեր գետնանցումները...» խորագրով  ֆոտոպատմությունների եւ տեսանյութի համար : Մրցանակ` հիշողության կրիչներ:

Խրախուսական մրցանկաներ ստացան Ագնես Գասպարբեկյանն ու Աննա Բադալյանը ` «Օրինազանց երաժիշտը» տեսապատման համար : Մրցանակ` Ինեկոբանկի քարտեր:

Մրցանակի արժանացավ  նաև Արթուր Հարությունյանի և Էլմիրա Աբգարյանի «Գլուխկոտրուկ. Ընտրեք ճիշտ տարբերակը» ֆոտոպատմությունը: Մրցանակ` Ինեկոբանկի քարտեր:

Ամենաակտիվը սոցցանցերում Անի Մկրտչյանն էր, ով ևս ստացավ խրախուսական մրցանակ` Ինեկոբանկի քարտ:

Խրախուսական մրցանակ ստացավ նաև Աշխեն Դավթյանն իր գեղեցիկ ու պրոֆեսիոնալ նկարների համար:  Մրցանակ` Ինեկոբանկի քարտ: 

 

Print Friendly and PDF