Ամփոփվեց «Իմ համայնքի չլուծված խնդիրները» մրցույթի արդյունքները

Հանրային լրագրության ակումբն ամփոփեց «Իմ համայնքի չլուծված խնդիրները» խորագրով թղթակցության մրցույթը: 

Ժյուրիի գնահատման արդյունքում հաղթել եւ անդրոիդ համակարգով աշխատող խելացի հեռախոս է շահել հանրային թղթակից, «Իմ լուրերը» հարթակի թղթակից Աննա Գրիգորյանը`  «Այգու անօրինական օտարում» նյութի համար:

Մրցույթին դիմել էին 15 հանրային թղթակիցներ` 16 թղթակցություններով:

Ժյուրիի կազմում էին X-TECH ստուդիայի  ծրագրերի համակարգող Հովհաննես Աղաջանյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության քաղաքացիական ծրագրերի համակարգող Լաուրա Գեւորգյանը, լրագրող Իրինա Յոլյանը եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: Ժյուրիի անդամները հատկապես ընդգծել են  նյութերի հետաքրքիր եւ հստակ կառուցվածքը՝ շեշտելով, որ մրցույթին ներկայացված թղթակցություններում արտացոլված է յուրահատուկ, ոչ ստանդարտ մոտեցում հստակ խնդիրների վերաբերյալ:

Աննան գրել է իրենց բակի մասին, որը ժամանակին  մանկական այգի է եղել գեղեցիկ շատրվաններով ու խաղահրապարակով: Այգին 2003-ին օտարվել է թաղապետարանի կողմից, իսկ խաղահրապարակը ընդհանրապես վերացվել: Միայն բնակիչների ջանքերով և միջամտությամբ է կասեցվել այգում սկսված կառուցապատումը:

ՀԼԱ աշխատակազմը եւ ժյուրին շնորհավորում է Աննային եւ հրավիրում  մայիսի 17-ին կայանալիք «Ինչպես ճիշտ լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները» թեմայով դասընթացին, որի ընթացքում ՀԼԱ ներկայացուցիչն Աննային կհանձնի մրցանակը: 

Մրցույթի նպատակն էր խթանել  Հայաստանում բնակվող երիտասարդների, ակտիվ քաղաքացիների ու հանրային թղթակիցների` իրենց շրջապատի, բակի, թաղի խնդիրների վերհանմանը հանրային թղթակցությունների, բլոգային գրառումների եւ նոթագրությունների միջոցով: 

Մրցույթը հայտարարվել էր  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրով:

Print Friendly and PDF