«Երևանը լվանալու կարիք ունի...». հայտնի է ՀԼԱ թղթակցության մրցույթի հաղթողը

Հանրային լրագրության ակումբն ամփոփեց «Ճարտարապետական կոթողների ու մշակութային օջախների խնդիրներն իմ աչքերով» թղթակցության մրցույթը:

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի խորհուրդը, խրախուսելով  նոր թղթակիցների ակտիվությունը, եւ թղթակցությունների` այլ սոցցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության առկայությունը, որոշեց մրցանակը` անդրոիդ համակարգով սմարթ հեռախոսը,  հանձնել Աստղիկ Սարգսյանին:

Մրցույթին դիմել էին 8 հանրային թղթակիցներ`  8 թղթակցություններով: 

Ժյուրիի կազմում էին «Armnews» հեռուստաընկերության լրագրող Արփի Հարությունյանը, «Առավոտ» օրաթերթի մշակութային թեմաներով լրագրող Գոհար Հակոբյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության քաղաքացիական ծրագրերի պատասխանատու Լաուրա Գեւորգյանը, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը եւ թատերագետ, լրագրող Նունե Հախվերդյանը:

Աստղիկի թղթակցությունները յուրօրինակ են, ընդգծված անհատական ոճով ու համարձակ լուծումներով:

Աստղիկը գրում է այն մասին, որ  Հայաստանում շինություններն ու կառույցները, որոնք ներկայացնում են մեր երկրի ճարտարապետական դիմագիծն ու մշակույթը, չեն մաքրվում և այդպես կորցնում են իրենց նախկին տեսքն ու շքեղությունը:

«Ամբողջ Երևանը կամ այն, ինչ մնացել է հին Երևանից, կարող է հուշարձան լինել: Երբ փոքր էի, երևանյան շենքերին նայելիս մտածում էի՝ ախր ինչու են սրան վարդագույն քաղաք կոչել: Մոխրագույն պիտի ասեին: Կամ սրա սիրունը ո՞րն է: Հետո, երբ մի խանութատեր շենքի մի հատվածի մուրը մաքրել էր, հասկացա, որ Երևանը մի ժամանակ եղել է վարդագույն: Ուղղակի հիմա լվանալու կարիք ունի»,-գրում է հեղինակը: 

ՀԼԱ աշխատակազմը եւ ժյուրին շնորհավորում են Աստղիկին  եւ հրավիրում ՀԼԱ գրասենյակ՝ ստանալու մրցանակը:

Մրցույթը հայտարարվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհով իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրի շրջանակներում:

Print Friendly and PDF