Անգլերենի դասընթաց`լրագրողների եւ բլոգերների համար

Հանրային լրագրության ակումբը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ համատեղ 2011-ի oգոստոսի 1-12-ը անցկացրեց արագացված անգլերենի դասընթաց`լրագրողների եւ բլոգերների համար:

Դասընթացի հիմնական նպատակն էր բարելավել մասնակիցների` անգլերեն լեզվի քերականության իմացությունը եւ խոսակցական հմտությունները դասախոսությունների  ու վարժությունների միջոցով: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին անգլերեն լեզվով լուրեր եւ հոդվածներ գրել, ինչպես նաեւ վարել պրոֆեսիոնալ նամակագրություն:

Դասընթացը վարում էր ՀԼԱ-ում աշխատանքային պրակտիկա անցնող Աստղիկ Երանոսյանը, որն ավարտել է Կահիրեի Լրագրության եւ զանգվածային հաղորդակցության ամերիկյան համալսարանը եւ ստացել Չափահասներին օտար լեզուների դասավանդման վկայագիր (ԱՄՆ, Նյու-Յորք):

Աստղիկ Երանոսյանի կարծիքով`անգլերենը շատ օգտակար պետք է լինի այն լրագրողների համար, ովքեր ցանկանում են այլընտրանքային օտարերկրյա աղբյուրներից օգտվել իրենց հոդվածների եւ լրատվական նյութերի պատրաստման ընթացքում:

Դասընթացի 11 մասնակիցները գործնական առաջադրանքների շնորհիվ ամրապնդում էին իրենց տեսական գիտելիքները: Նրանք նաեւ հնարավորություն ունեցան լսել քաղաքական վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի դասախոսություն-ասուլիսը:

Կիրակոսյանը խոսեց հայաստանյան ԶԼՄ-ների խնդիրներից եւ պատասխանեց լրագրողների ու բլոգերների հարցերին:

Մասնակիցներից մեկը` Փառանձեմ Հովհաննիսյանը, նշեց, որ դասընթացն օգնեց նրան անգլերեն լեզվով մասնագիտական գրավոր և բանավոր շփման էթիկայի գիտելիքներ ձեռք բերել:

Մեկ այլ մասնակից Մանվել Քեշիշյանը ասաց, որ ուշագրավ էին լրագրության ասպարեզում տեղական և միջազգային փորձի վերլուծումն ու համեմատականները, ինչպես նաեւ պաշտոնական նամակագրություն վարելու տարրերն ու էթիկան:

Print Friendly and PDF