Հանրային լրագրության ակումբի «Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցության մրցույթում հաղթել եւ Canon PowerShot A 800 լուսանկարչական ապարատ է շահել հանրային թղթակից, «Իմ լուրերը» հարթակի ակտիվ թղթակից Լիլիթ Հակոբյանը` «Ես հետո կդառնամ նախագահ» նյութի համար:
Լիլիթը գրել է նախագահ դառնալու իր մտորումների մասին: Հեղինակն այդ ամբողջ գործընթացը նմանեցնում է շախմատի, ուր բոլոր զինվորներն ուզում են թագավոր դառնալ, բայց քչերն են հասնում այդ սահմանին:
«Կան զինվորներ, ովքեր այդպես էլ թագավոր չեն դառնում, բայց ողջ կյանքում թագավորի խաղ են խաղում, ու կան թագավորներ, որ զինվորից էլ մանր խաղ են ցույց տալիս: Ես համոզված եմ` լավ է լինել լավ զինվոր, քան` միջակ թագավոր...»,- գրել է հեղինակը:
Ժյուրի անդամները հատկապես ընդգծել էին նյութի հետաքրքիր եւ հստակ կառուցվածքը, թարմությունը եւ այն, որ այսպես կոչված «ծեծված» թեմաներին անդրադարձ չկար:
ՀԼԱ-ն մրցանակը Լիլիթին կհանձնի փետրվարի 6-ին, ՀԼԱ գրասենյակում:
Նշենք, որ մրցույթին դիմել էին 15 հանրային թղթակիցներ` 15 թղթակցություններով:
Ժյուրիի կազմում էին «Ինտերնյուս» ՀԿ-ի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը, «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ-ի նախագահ Մարինե Մանուչարյանը, «Մաքուր պահենք մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ, քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը եւ ՀԼԱ «Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» նախագծի շրջանակներում, ծրագրերի պատասխանատու Սառա Խոջոյանը:
Մրցույթի նպատակն էր խթանել Հայաստանում բնակվող երիտասարդների, ակտիվ քաղաքացիների ու հանրային թղթակիցների` ընտրությունների թեմայով ինքնարտահայտումը հանրային թղթակցությունների, բլոգային գրառումների եւ նոթագրությունների միջոցով:
Մրցույթը հայտարարվել էր ՀԼԱ-ի`«Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրով Եվրասիա համագործակցության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով: