Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 մրցույթը ներկայացվեց ԵՊՀ-ում և ԵԱԴ-ում

Հոկտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբը ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետի ուսանողներին և Երիտասարդ առաջնորդների դպրոցի անդամներին ներկայացրեցին «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 մրցույթը: 

Հանդիպումներին մասնակցեց մոտ 60 ուսանող: ՀԼԱ-ն ներկայացրեց մրցույթի եւ մրցութակարգի մանրամասների մասին, որի վերաբերյալ հնչեցին հետաքրքիր հարցեր:  

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը Երևանի քաղաքապետարանի  հետ համատեղ 2011թ դեկտեմբերի 17-ին կազմակերպում են «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ:  

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
 
ՀԼԱ առաջին Հեքըթոնը Հայաստանում նվիրված կլինի Երևան քաղաքի խնդիրներին և կխթանի քաղաքացիների մասնակցությունը դրանց լուծմանը:

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների ու շրջանակների կողմից, որոնք նաեւ կխթանեն մարդկանց մասնակցությունը՝ տեղեկատվության հավաքագրման եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման գործում, բարելավելով քաղաք-բնակիչ կապը: 

Կազմակերպիչները կօգնեն գաղափարներ ներկայացրած հայտատուներին գտնել թիմակիցներ՝ ծրագրավորողներ, փորձագետներ:

Նախքան բուն հեքըթոնը, կազմակերպիչները հայտատուների համար հանդիպումներ են կազմակերպելու տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների հետ, որոնք կներկայացնեն այն խնդիրները, որոնց համար կարելի է գտնել նորարար լուծումներ, կաջակցեն մասնակիցներին, թիմերին գտնել խնդիրներ կամ կողմնորոշվել իրենց ընտրած խնդրում, մշակել եւ զարգացնել նախագիծն ու կապեր հաստատել համապատասխան կառույցների հետ:

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-ը սկսվելու է ս.թ. դեկտեմբերի 17-ին եւ տեւելու է 24 ժամ: Դեկտեմբերի 18-ին թիմերը պետք է հրապարակային ներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը, հավելվածները, մոբայլ լուծումները, կայքերը ժյուրիին:

Նույն օրը կհայտարարվեն հաղթողները: 

Մրցույթում հաղթող թիմերին սպասվում են բազմաթիվ խոշոր մրցանակներ, համագործակցության, և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություններ:  

Մրցույթի աջակիցներն են` Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-–ի ինֆորմացիոն հովանավորը PanarmenianNet լրատվամիջոցն է:

Ի՞նչ է Հեքըթոնը. այն Սիլիկոնե հովտում ծնունդ առած ծրագրավորման եւ նախագծերի լայնածավալ մրցույթ է` ուղղված համատեղ ուժերով եւ նոր տեխնոլոգիաների միջոցով առկա կամ առաջադրված խնդիրների լուծմանը:  

Ինչո՞վ  է առանձնանում Հեքըթոն[ՅԱՆ] Երեւանը. այն նվիրվում է Երևան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների  եւ շրջանակների կողմից, այնպես էլ մարդկանց ներգրավվման միջոցով:

Նպատակը.  հնարավորություն ընձեռել ստեղծագործ եւ առաջատար գաղափարներ ունեցողներին համագործակցել միմյանց հետ՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու նպատակով:

Համագործակցության դաշտ բերել ծրագրավորողներին եւ այլ ոլորտների մասնագետներին նորարար գաղափարներ իրականացնելու եւ սոցիալական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով: Խթանել ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների համագործակցությունը՝ հանրօգուտ գաղափարներ իրականացնելու համար: 

Հեքըթոններ (ըստ Վիքիպեդիայի). Hackathon-ը, որը տերմին է հաքերների (ծրագրավորողների) շրջանում, մի միջոցառում է, որի շրջանակներում հանդիպող ծրագրավորողների նպատակը համատեղ համակարգչային ծրագրերի մշակումն է: Hackathon-ի միջոցառումների էությունը համակարգչային ծրագրերի եւ հավելվածների համատեղ մշակումն է: Hackathon-ները, որպես կանոն, տեւում են մեկ կամ մի քանի օր կամ մեկ շաբաթ: Hackathon-ի շրջանակներում բազմաթիվ ծրագրավորողներ եւ այլ մասնագետներ որոշակի ժամանակահատվածում հավաքվում են մեկ վայրում` իրենց նախընտրած ձեւով համագործակցելով հետաքրքրող խնդիրների շուրջ, եւ այս ամենը փաստացիորեն ընթանում է ծրագրավորման ուղղության եւ նպատակներին համընթաց` առանց որոշակի սահմանափակումների:

 

Print Friendly and PDF