Սոցիալական մեդիա. ՀԼԱ-ն անցկացնում է վարպետության դաս

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին Երևանի Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Սոցիալական մեդիայի կիրառումն արդի աշխարհում» թեմայի վերաբերյալ վարպետության դաս, որին մասնակցում էին Երևանի Հյուսիսային և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետի ավելի քան տասնյոթ ուսանողներ:
 
Վարպետության դասը վարեց բլոգեր, լրագրող, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ–ի նախագահ Արթուր Պապյանը: Նա ներկայացրեց  սոցիալական մեդիայի դերն ու կարևորությունը մեր օրերում, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները բարձրաձայնել տարբեր խնդիրներ, ինչպես էթիկապես ճիշտ և հավասարակշռված լուսաբանել նորությունները՝ օգտագործելով սոցիալական մեդիայի և հանրային թղթակցության գործիքները։ 

Դասընթացավարի գործնական խորհուրդներից և մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանից հետո` «Հանրային թղթակցության այբուբենը» թեմայով վարպետության դաս անցկացրեց նաեւ Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակի համակարգող Արթուր Հարությունյանը: Նա ներկայացրեց MyNews.am կայքը, որպես սոցիալական բարեփոխումների հասնելու լավագույն միջոց: «MyNews»-ը քաղաքացիական թղթակցության խաղաֆիկացված առցանց հարթակ է, որը  խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով խրախուսում է համացանցի օգտատերերին, նրանց դարձնելով պասիվ լուր սպառողից` ակտիվ տեղեկատվություն տարածող:

Հայաստանի գրեթե բոլոր մարզերից հանրային թղթակիցներն օգտագործում են այս հարթակը` բարձրաձայնելու իրենց համայնքային խնդիրները, դրանք լսելի դարձնելով պետական գերատեսչություններում: Օրինակ բերելով հանրային թղթակիցների բազում հաջողված պատմությունները`փաստ է, որ շատ խնդիրներ արդեն լուծվել են հենց նրանց շնորհիվ: Աղբահանություն, բնապահպանական խնդիրներ, ընտրակեղծիքներ. սրանք թղթակցությունների առանցքային թեմաներն են: 

Վարպետության դասին ներկա էր նաև Անի Սարդարյանը, ում «Երևանում» նյութը հաղթող էր ճանաչվել  ՀԼԱ-ի հայտարարած «Իմ քաղաքը» խորագրով պատմությունների մրցույթում։ 

Անին նշեց, որ հաղթանակի չէր սպասում, անակնկալ էր իր համար. «Հոդվածը վաղուց էի գրել: Պատահաբար տեսա մրցույթի հայտարարությունը եւ մտածեցի դիմել»,-ասում է Անին եւ հավելում, որ հաղթանակն իրեն շատ է ոգեւորել եւ պատրաստվում է առաջիկայում Mynews.am-ում հրապարակել իր մյուս նոթերը նույնպես:

Անին Հանրային լրագրության ակումբից ստացավ իր մրցանակը` Canon Power Shot A800 լուսանկարչական ֆոտոապարատն ու հաղթանակը հավաստող վկայական:

 

Print Friendly and PDF