Հանրային թղթակիցները պատրաստ են լուսաբանել Վանաձորի բնապահպանական խնդիրները

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն այս անգամ թվով 4-րդ դասընթաց-ճամբարն անցկացրեց  Վանաձորում: Թեման ` բնապահպանական խնդիրների լուսաբանումն էր, որը շատ արդիական է Վանաձորի համար։ 

Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում անցկացված դասընթացը քառօրյա էր, որին մասնակցում էին 17 հանրային թղթակիցներ եւ լրագրողներ: Դասընթացը մեկնարկեց հունիսի 29-ին և ավարտվեց հուլիսի 2-ին:

Բացման խոսքով հանդես եկավ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ Սեդա Մուրադյանը, ով  ներկայացեց  նաև mynews.am կայքը եւ նրա մոբայլ հավելվածը:
    
Մասնակիցները կազմեցին Վանաձորի բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր: Նրանց ուշադրության կենտրոնում էին Թեղուտը, Վանաձորի քիմպրոմը, աղբահանությունը, ծառահատումները, որոնց շուրջ քննարկումներ ծավալեցին «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան, լրագրող Ինգա Զարաֆյանի և Սեդա Մուրադյանի հետ: 
    
Նույն օրը մեկնարկեց «Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց- ճամբար երկխոսություն» թեմայով քննարկումը, որին ներկա էին Ալավերդու Օրհուս  կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի ղեկավար Մանյա Մելիքջանյանը, Կապանի Օրհուս կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանը, Վանաձորի Օրհուս կենտրոնի ղեկավար Պերճ Բոջուկյանը, «Վալլեքս» ընկերությունների ցանցի մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը, «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը,  Լոռու մարզպետարանի բնապահպանական վարչության պետ Արտակ Դեմիրճյանը, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության ծառայության պետ   Ջեռմենտ Տեր-Ստեփանյանը, «Լոռու զարգացման կենտրոն»-ի ներկայացուցիչն Լիլիթ Սինդոյանը և այլ շահագրգիռ կազմակերպություններ, անհատներ, լրագրողներ և հանրային լրագրության 4-րդ դասընթացի մասնակիցներ:
 
Քննարկման ընթացքում բանախոսներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ 15 րոպեում ներկայացնել Վանաձորում առկա բնապահպանական խնդիրներն ու իր լուծումները, իսկ հանրային թղթակիցները, լրագրողներն ու բնապահպան ակտիվիստները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժետ տեղեկատվությունը ընկերությունների առաջին դեմքերից:

Դասընթաց-ճամբարին հյուրընկալվեց նաեւ «Armnews» հեռուստաընկերության լրագրող Արփի Հարությունյանին: Արփիի հետ հանրային թղթակիցները հիմնականում զբաղվեցին խաղ-վարժություններով, անդրադարձան հայաստանյան լրատվամիջոցների կողմից բնապահպանական խնդիրների լուսաբանմանը, քննարկեցին Արփի Հարությունյանի հոդվածները: Նրանք սովորեցին, թե ինչպես պետք է պայմանավորվել հարցազրույցներ անցկացնելու համար, ինչպես պետք է ներկայանալ, որպեսզի ինֆորմացիայի աղբյուրները պատասխանեն հարցերին, այնուհետեև ստուգեցին հարցերի նպատակահարմարությունը`բանախոսներին շրջանցելու հնարավորություն չտալու համար: 

Հանրային թղթակիցներին մուլտիմեդիայի ժանրերի մասին պատմեց media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը: Իսկ Հակոբ Հովհաննիսյանը, ով Internews գրասենյակի լուսանկարիչն է, հանրային թղթակիցներին ցույց տվեց  արդեն հայտնի ու հաջողություններ գրանցած լուսանկարիչների նկարների օրինակներ և բացատրեց, թե ինչպես չպետք է տեսանկարել ու լուսանկարել:

Քառօրյա դասընթաց-ճամաբարի արդյունքում մասնակիցները պատրաստեցին եւ mynews.am կայքում տեղադրցեին 39 թղթակցություններ, որոնցից 7-ը արտատպվեցին aravot.am, haynews.am կայքերի կողմից: 

Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան մրցանակներ:

Լավագույն տեսապատմություն ճանաչվեց Գոռ Մաթևոսյանի և Յանա Հովհաննիսյանի «Թափոնաղբային խառնուրդ» տեսապատմությունը: Նրանք իրենց պատմությունը ներկայացնում են 10 րոպեում, հարցազրույց վերցնելով հովիվներից, որոնք միշտ իրենց անասուններին արածացնելու են տանում են Վանաձորի Կոնգո թաղամաս, այնուհետև հանդիպում են մի քանի մարդկանց, իսկ վերջում իրենց հարցերի պատասխանները ստանում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գևորգյանից: 

Անահիտ Կարապետյանի ` «Աղբի թեժ կետերը Վանաձորում»  նյութը նույնպես հաղթող ճանաչվեց: Ժյուրին այս թղթակցությունը գնահատեց, որպես բազմակողմանի ներկայացված նյութ առկա խնդրի մասին: Անահիտը նախ google maps-ի վրա տեղադրել էր Վանաձորի միշտ աղբով լի աղբամանները, նկարագրել էր դրանք, այնուհետև այդ ամենը ներկայացրել ֆոտոպատմության տեսքով մոտ` 150 լուսանկար:  Վերջում էլ հարցում էր անցկացրել վանաձորցիների շրջանում և պարզել, թե ինչպես են գնահատում վանաձորցիները իրենց քաղաքի մաքրությունը: Հարցմանը մասնակցել էր 55 մարդ:  Նյութում նա այս ամենը ներկայացրել էր աղյուսակի տեսքով:

Լավագույն նյութ ճանաչվեց Զոյա Հալևորյանի «Արհամարհված Տանձուտ գետը»: Զոյան պատրաստել էր նոթագրություն, որում կային նաև լուսանկարներ ու տեսագրություն: 

Դասընթացի բոլոր մասնակիցները ստացան դասընթաց-ճամբարի մասնակցության հավաստագրեր:

Մասնակիցներից Էմմա Միրզոյանն անկեղծանալով ասում է, որ  այս ընթացքում սովորել է հարցազրույց վերցնել, լավ կադրեր որսալ, շփվել պաշտոնյաների հետ, իսկ Լիլիթ Հակոբյան էլ նշում է, որ դասընթացը  հնարավորություն տվեց իրեն ավելի խորն ուսումնասիրել Լոռու մարզի բնապահպանական խնդիրները:

«Դասընթաց-ճամաբարն ինձ հնարավորություն տվեց  գրագետ հոդված գրել եւ գիտելիքի մեծ պաշար ձեռք բերել:  Շատ կարևոր էր ինձ համար նաև  այն հանգամանքը, որ ձեռք բերեցի լավ ընկերներ: Դասընթացավարներն էլ շատ պրոֆեսիոնալ էին»,– ասում է mynews.am– ի հանրային թղթակից, աշակերտ Գոռ Մաթեւոսյանը: 

Այսպիսով փակում ենք 4-րդ  դասընթաց ճամբարը և պատրաստվում ենք մեր թվով 5-րդ դասընթաց-ճամբարին:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թթ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:
 

 

 

Print Friendly and PDF