Ալավերդիում կայացավ 4-օրյա դասընթաց-ճամբարը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 2013-ի հունվարի 18-21-ը  տեղի ունեցավ չորսօրյա դասընթաց-ճամբար`սոցիալական մեդիայի և քաղաքացիական լրագրության հմտությունների վերաբերյալ:

Դասընթացին մասնակցեցին 10 երիտասարդներ` Երևանից, Ալավերդիից, Թումանյանից, Վանաձորից, ինչպես նաև՝ Արևածագ, Քարինջ գյուղերից:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարի դասընթացավարներ էին «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի լրագրող Արփի Հարությունյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

Դասընթացի երրորդ օրը մասնակիցները մեկօրյա այցով եղան հայ-վրացական պետական սահմանին գտնվող հայկական Ջիլիզա գյուղում: Այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան թղթակցություններ պատրաստել սահմանամերձ գյուղի բնակիչների առօրյայի, վրացիների հետ առևտրական կապերի,  հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման, սահմանագծման խնդիրների մասին:

«Այս դասընթացը հատկապես կարեւոր է մարզերի համար, քանի որ ի տարբերություն մայրաքաղաքի բնակիչների, մարզաբնակների ինֆորմացիոն աղբյուրը հիմնականում հեռուստատեսությունն է, որը որքան հավանական, նույնքան էլ անհավանական է, որ կանդրադառնա իրենց բնակավայրի խնդիրներին: Իսկ հանրային թղթակիցների դեպքում հենց իրենց բնակավայրի խնդիրներն են, որոնց մասին կարելի է բարձրաձայնել»,- ասում է դասընթացավար Արփի Հարությունյանը:

Ընդհանուր առմամբ, դասընթացի ընթացքում մասնակիցների կողմից պատրաստվեց և «Իմ լուրերը» կայքում տեղադրվեց 9 թղթակցություն՝

Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին հիմնարար գիտելիքներ՝ լրագրողական նյութեր, թղթակցություններ պատրաստելու հմտությունների, էթիկայի վերաբերյալ: Մասնակիցները սովորեցին նաև զատել կարևոր տեղեկատվությունը ոչ կարևորից, օգտագործել սոցիալական մեդիայի գործիքները՝ թղթակցություններում բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու համար:

 «Դասընթացի չորս օրերում ստացա շատ գիտելիքներ, որոնք կօգտագործեմ իմ հետագա աշխատանքներում: Մասնավորապես գիտելիքներ ստացա թղթակցություններ գրելու նրբությունների մասին: Գործնական աշխատանքում նոր փորձությունների միջով անցա և հասկացա, թե ինչպես պետք է ճիշտ հարաբերություններ կառուցել բնակչության հետ՝ որպես հանրային թղթակից»,- ասում է դասընթացի մասնակիցներից մեկը:

Դասընթաց-ճամբարի շրջանակներում Հանրային լրագրության ակումբի «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի համակարգող Լուսինե Ավագյանը ներկայացրեց նաև Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» կայքը` որպես հանրային թղթակցության հարթակ:

Մասնակիցները դասընթաց-ճամբարի շրջանակներում հանդիպեցին նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանի հետ, ով ներկայացրեց Ինֆորմացիայի ազատության մասին օրենքի և Քաղաքացիական օրենսգրքի վիրավորանքի և զրպարտության հոդվածների կիրառումը Հայաստանում:

Քաղաքացիական լրագրության և սոցիալական մեդիայի մասին առանձին դաս անցկացրեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:

Դասընթացը կազմակերպվել է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր  միջոցով:

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Print Friendly and PDF