Ալավերդիում անցկացվեց վարպետության դաս՝ «Սոցիալական մեդիան և քաղաքացիական լրագրությունը» թեմայով

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2013 թ. հունվարի 21-ին  Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Սոցիալական մեդիան և քաղաքացիական լրագրությունը» թեմայով վարպետության դաս: 

Դասընթացը վարեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:  Վարպետության դասի շրջանակում նա խոսեց քաղաքացիական լրագրության մասին, ինչպես նաև ներկայացրեց հանրային նշանակության խնդիրների բարձրաձայնման հարցում սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորությունները:

«Կարծում եմ, որ դասընթացը ամենակարևոր առավելությունը այն էր, որ մասնակիցներից յուրաքանչյուրն, այսուհետ, ավելի մտածված և նպատակային կփորձի օգտվել համացանցից` օգուտ տալով սեփական համայնքին և համայնքի բնակիչներին»,- ասում է Սուրեն Դեհերյանը:

Դասընթացին մասնակցած 24 ուսանողները ներկայացնում էին Ալավերդու տարբեր ուսումնական հաստատություններ՝ Ալավերդու հյուսիսային համալսարան, Ալավերդու Արհեստագործական ուսումնարան, Ալավերդու Եվրոպական քոլեջ և այլն:

Ալավերդու Եվրոպական քոլեջի ուսանողուհի Նոնա Ասատրյանի համար վարպետության դասը հիմնարար գիտելիքներ է փոխանցել սոցիալական մեդիան ավելի արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

«Ես այս վարպետության դասից հասկացա, որ համացանցը չպետք է օգտագործել միայն որպես ժամանցի միջոց: Սոցիալական մեդիայի շնորհիվ մենք կարող ենք այլ կարևոր տեղեկություններ ստանալ»,- ասում է Նոնան: 

Հանրային լրագրության ակումբի «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի համակարգող Լուսինե Ավագյանը մասնակիցներին ցույց տվեց, թե իրենք ինչպես կարող են օգտագործել «Իմ լուրերը» (mynews.am) կայքը` որպես հանրային թղթակցության հարթակ և մարդու իրավունքների վերահսկողության գործիք:

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Print Friendly and PDF