Հանրային թղթակիցները ՆաՆե մրցանակաբաշխության հաղթողներ

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ամենամյա Նա/Նե լրագրողական մրցույթի 5-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որտեղ Հանրային լրագրության ակումբը  «Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված» անվանակարգում հանձնեց իր կողմից սահմանած հատուկ մրցանակը Վանաձորի և վանաձորցիների մասին բլոգ վարող Գայանե Սարգսյանին:

Նրա՝ «Բարձրագույն ավարտ ուկրաինուհին՝ Վանաձորում աղբատար մեքենայի բանվոր» հոդվածն արժանացել էր ՀԼԱ-ի կողմից ձևավորված ժյուրիի առավելագույն գնահատականին նյութի միջոցով սոցիալական կարևորություն, յուրօրինակություն ու տեղեկատվության պատշաճություն ապահովելու,  ինչպես նաև գենդերային կարծրատիպերը կոտրելու փորձի համար:  Նա մրցանակ ստացավ անդրոիդ համակարգով աշխատող խելացի-հեռախոս:

Ի դեպ ՀԼԱ-ի կողմից ստեղծված «Իմ լուրերը» հարթակին թղթակցող երկու հանրային թղթակիցներ  Նոնա Մուրադյանը, Դիանա Բախշյանը եւ ֆոտոլրագրող Նելլի Շիշմանյանը, ով իր ֆոտոպատմությունը տեղադրել էր «Իմ լուրերը»հարթակում, նույնպես արժանացան մրցանակների հետևյալ անվանակարգերում.

Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված

Նոնա Մուրադյան/ երկրորդ մրցանակակիր/ «Գավառ. տրանսպորտում կանայք տղամարդկանց կողքին չեն նստում»
Դիանա Բախշյան/ երրորդ մրցանակակիր/ «Քայլում եմ դեպի … փարոս» 

Ֆոտոռեպորտաժ
Նելլի Շիշմանյան/առաջին մրցանակիր/ «Ոչինչ չի մոռացվել»

ՀԼԱ-ի տնօրեն և համահիմնադիր Սեդա Մուրադյանը, ով հանձնեց ՀԼԱ-ի հատուկ մրցանակը, իր խոսքում նշեց. «Ես շնորհակալ եմ բոլոր այն հանրային թղթակիցներին, ովքեր իրենց թղթակցություններով սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներ են բարձրաձայնել: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Իմ լուրերը» հարթակը, որ բացահայտվեն նոր ձայներ, լսվեն չլսված ձայներ»։

ՀԼԱ մրցանակը տրվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության դրամաշնորհով իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրի շրջանակներում:

Print Friendly and PDF