Ամփոփվեց «Ընտրություններն իմ աչքերով» մրցույթի արդյունքները

Մարտի 13-ին ամփոփվեց Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից ս/թ փետրվարին հայտարարված «Ընտրություններն իմ աչքերով» խորագրով հանրային թղթակցության մրցույթի արդյունքները:

Մրցույթին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ոք, ով «Իմ լուրերը» հարթակում մինչև 2013 թ. փետրվարի 28-ը կտեղադրեր ընտրություններին առնչվող ֆոտո, վիդեո պատմություն կամ բլոգային նոթագրություն:

Գնահատման արդյունքում առավելագույն միավորներ են վաստակել  Աննա Հայրապետյանի  և Արփինե Մինասյանի նյութերը: Հաղթողները ստացան Canon Power Shot A800 լուսանկարչական ֆոտոապարատ և անդրոիդ համակարգով աշխատող հեռախոս։

Մրցույթի ժյուրին (Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մամուլի ծրագրերի համակարգող Մարինա Մխիթարյան, «Հետք» պարբերականի լրագրող Սառա Պետրոսյան, մեդիա փորձագետ, «Թաղինֆո» կայքի հիմնադիր Գայանե Միրզոյան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյան) դիտարկել էր 20 հայտ 1-10 բալային համակարգով։

Մրցույթը կազմակերպվել է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի   եւ «Նոր տեխնոլոգիաները հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացած դրամաշնորհի միջոցներով:

Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ համընկնի ԱՄՆ պետքարտուղարության կամ ՀԼԱ տեսակետների հետ:

Print Friendly and PDF