«Ընտրություններով մտահոգված» թղթակցությունը` մրցույթի հաղթող

Հանրային լրագրության ակումբն ամփոփեց «Ընտրություններն իմ աչքերով» թղթակցության մրցույթը:  

Ժյուրիի գնահատման արդյունքում հաղթել եւ անդրոիդ համակարգով աշխատող «խելացի հեռախոս»  է շահել  Նունե Հովսեփյանը`  «Ընտրություններով մտահոգված»  թղթակցության համար: 

Մրցույթին դիմել էին 9 հանրային թղթակիցներ`  18 թղթակցություններով:

Ժյուրիի կազմում էին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի` Քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Աշոտ Գրիգորյանը, iRegion.org  քաղաքացիական  լրագրության հարթակի համակարգող Աննա Մուրադյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի  իրավաբան Գեւորգ Հայրապետյանը եւ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը:

Նունեն գրել էր Երեւանի ավագանու ընտրությունների մասին` հիշելով այգում արեւածաղիկ վաճառող տատիկի հետ զրույցը, ով բողոքում է երկրի վիճակից եւ կեղծված ընտրություններից:

Նունեի  թղթակցությունը Mynews.am կայքում ընթերցվել է ավելի քան 383 անգամ, տարբեր հարթակներում տարածվել 184 անգամ, իսկ Facebook սոցցանցում ստացել 61 Like:

ՀԼԱ աշխատակազմը եւ ժյուրին շնորհավորում են  Նունեին եւ հրավիրում ՀԼԱ գրասենյակ` ստանալու մրցանակը:

Մրցույթը հայտարարվել էր «Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Print Friendly and PDF