Վարչապետը՝ «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» մրցույթ-փառատոնին

Այսօր Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան, զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է: 

«Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Սարգսյանը:

Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն: 

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը: 

«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ: 
                                                  
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

 

Print Friendly and PDF