Մասնագետների խորհուրդները ծրագրավորողներին «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ին»

Հայաստանում հաջող ստարտափ մեկնարկելու գաղտնիքներով  «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի» մասնակիցների  հետ կիսվեցին ոլորտի առաջատար մասնագետները՝ «Գրանատուս վենչուրս» ՓԲԸ բաժնետեր Մանուկ Հերգնյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանը:

Մանուկ Հերգնյանը ներկայացրեց հաջող ստարտափի նախապայմանները: Նա Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակիցներին դասախոսության միջոցով ներկայացրեց էյնջլ և վենչուրային ֆինանսավորման տարբերությունները: Ըստ Հերգնյանի՝ վենչուրային կապիտալը գնում է ընկերություններին, որոնք կարող են  շատ արագ  աճել:

«Կարևոր է ոչ միայն ճիշտ տեխնոլոգիա մշակելը, այլ նաև ճիշտ բիզնես մոդել ընտրելը, վերջնական հաջողությունը նաև դրանից է կախված»,- ասում է նա:

Խոսելով Հայաստանի մասին՝ ասում է, որ մեր շուկան փոքր է, և  այստեղ  դժվար է տեխնոլոգիաների ոլորտում մասշտաբային բիզնես ստեղծելը, ուստի կարևոր է, որ հենց սկզբից  ձեռներեցները մտածեն գլոբալ:

Բագրատ Ենգիբարյանն էլ նշեց, որ Հայաստանում  արդեն բոլոր գործիքները հասանելի են դարձել, մնում է միայն աշխատել, հաջողության հասնել և իրականացնել երազանքները: Հարցին, թե ինչ է պակասում հայկական թիմերին համաշխարհային հաջողության համար, Եվա Հյուսյանը պատասխանեց, որ նախ հարկավոր է սկսել գլոբալ մտածելուց՝ . org և  .com  -ով դոմեյններից:

«Կարևոր է, որ ինքնավստահություն լինի, բայց միաժամանակ գոռոզությունը չխանգարի. ամենահաջողված ստարտափի դեպքում մարդիկ միշտ սովորում են՝ թե իրենց, թե ուրիշների սխալների վրա: Ամեն պահի պետք է պատրաստ լինես խնդիր լուծել»,- ասում է Հյուսյանը:

Մանուկ Հերգնյանն էլ կոչ արեց գործը նախաձեռնելուց առաջ դիմել խորհրդատուների, որոնք էլ նախաձեռնությունը ճիշտ հունով կուղղեն:
Խոսվեց նաև  հայաստանյան երիտասարդների համար որակյալ միջազգային կրթության հասանելիության մասին: 

Եվա Հյուսյանը ընդգծեց, որ Հայաստանում համաշխարհային կրթություն ստանալու համար միայն մի բան է պակասում՝ անգլերենի իմացությունը, քանի որ առաջատար բուհերի պաշարները օն-լայն հասանելի են, միայն հարկավոր է անգլերենին տիրապետել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին` ժ. 11:00 Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում մեկնարկեց Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության մրցույթը

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ: Հեքըթոն[ՅԱՆ]2013 –ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ (www.counterpart.am): Ծրագրին աջակցում է Knight Mozilla OpenNews-ը (http://www.mozillaopennews.org/): 

Print Friendly and PDF