Գաղափարների զարգացման և հաջողության հասնելու գաղտնիքները. «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»

Ինչպե՞ս ճիշտ զարգացնել գաղափարը և հաջողության հասնել. այս հարցի պատասխանը «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»-ի մասնակիցներին տվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  նախագահ, Սորսիո ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Նա ներկայացրեց հաջողության իր պատմությունը՝ նշելով որ  քայլ առ  քայլ  է  առաջ գնացել: Ավոյանի կածիքով, ձախողումներից վախենալ պետք չէ. ամեն ձախողում իր մեջ պարունակում է նաև առաջիկա հաջողության նախադրյալը:

«Բախտը կարևոր է, բայց կարևոր է նաև ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ գործ անելը: Եթե մարդ նստի և սպասի բախտին, ոչնչի չի հասնի: Ինչքան շատ փորձեր անես, այնքան բախտիդ գործակիցը կավելանա»,- ասում է Ավոյանը:

Նա կարևորում է նաև ճիշտ թիմի ընտրությունը. «Ինչպես ամուսին ես ընտրում, այնպես էլ պիտի թիմակիցներիդ ընտրես, քանի որ օրվա  մեծ մասն անցկացնելու ես թիմակիցներիդ հետ: Կարևոր է, որ իրարից ինչ-որ բան սովորեք, շփումը հաճելի լինի»:

Ավոյանն իրեն հաջողակ է համարում, քանի որ միշտ կարողանում է ճիշտ մարդկանց իր շուրջը համախմբել:

«Դա  իմ հաջողության բանալին է»,- ասում է նա՝ հավելելով, որ  Հայաստանում գործող 14 ընկերություններ ստեղծվել կամ ղեկավարվում են իր նախկին աշխատակիցների կողմից:

Մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե արդյոք Ավոյանն իրեն համարում է մեծահարուստ՝ ունենալով հաջողված բազմաթիվ սթարթափեր (start up):
Ի պատասխան Ավոյանը նշեց. «Ես ի վիճակի եմ ներդրումներ անել նոր ընկերությունների մեջ, ունեմ հնարավորություն իմ ուզած կյանքով ապրելու և օգնելու ուրիշներին»:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակիցները շարունակեցին Ավոյանին ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնց նա պատասխանեց՝ օրինակներ բերելով իր հաջողության պատմությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21- ին` ժ. 11:00 Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում մեկնարկել էր Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության մրցույթը:

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ: 
Հեքըթոն[ՅԱՆ]2013–ին աջակցում են Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը և Knight Mozilla OpenNews-ը (www.mozillaopennews.org): 

Print Friendly and PDF