«Վեբ-կայքի պատրաստման և սպասարկման» մրցույթում հաղթել է Zoom Graphics-ը

Հանրային լրագրության ակումբի կազմակերպած «Վեբ-կայքի պատրաստման և սպասարկման» մրցույթում հաղթող է ընտրվել Zoom Graphics ընկերությունը: 

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 12 ընկերություն: Նախնական ուսումնասիրության արդյունքում ընտրվել էին հինգ ընկերության հայտեր, իսկ վերջնական ընտրության արդյունքում Zoom Graphics ընկերության հայտը ճանաչվեց հաղթող:

Նախատեսված արտադրանքը պետք է լինի նորագույն տեխնոլոգիական լուծումներին համապատասխանող եռալեզու վեբ-կայք, որը կներկայացնի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից եւ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»  ծրագրի մասին ամբողջական տեղեկություն:

Ստեղծվող պլատֆորմը կներառի ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումների ու առանձին ենթանախագծերի մասին մանրամասն տեղեկատվություն:  Կայքի  ամբողջ բովանդակությունը հասանելի կլինի հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով եւ կգործարկվի սույն թվականի ապրիլին:

Ընտրված կազմակերպությունը կստեղծի նաև հանրային թղթակցության զարգացմանն ու հանրային թղթակիցներին կամրջելու համար նախատեսված «Իմ լուրերը. ԼրՀաբեր» կայքը, որը կգործի հայերենով և թուրքերենով: «Իմ լուրերը. ԼրՀաբեր» պիլոտային նախագիծը  Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար կդառնա քաղաքացիական լրագրության մի ընդհանուր հարթակ, որտեղ երկու երկրների հանրային թղթակիցները կարող են հրապարակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ թղթակցություններ, ֆոտո-վիդեո պատմություններ, ականատեսի վկայություններ:  Նախագծի շրջանակներում նաև նախատեսվում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրային թղթակիցների մասնակցությամբ հանդիպում-թղթակցային ճամբարի անցկացում Հայաստանում: 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիր

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Կայունություն գործիքի շրջանակներում:    

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Print Friendly and PDF