Հայտարարում ենք «Իմ քաղաքը» հանրային թղթակցության մրցույթ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

Պատմիր մեզ քո քաղաքի խնդիրների մասին. ի՞նչ վիճակում են քո քաղաքի բակերը, տրանսպորտը, ժամանցի վայրերը: Քո քաղաքը հարմա՞ր է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Որտե՞ղ են գիշերում անօթևանները քո քաղաքում … 
Ո՞րն է քո քաղաքի ամենագողտրիկ եւ քեզ համար սիրելի անկյունը:

Պատմիր քո քաղաքի լսված ու չլսված պատմությունների մասին և շահի’ր Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013 թ. փետրվարի 15-ին:
Մրցույթին կարող են դիմել ոչ միայն լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ, քաղաքային խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերը մատուցելու օրիգինալ մոտեցումը, նյութերի ամբողջականությունը, տեղեկատվության հավաստիությունը: 

Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: 

Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am կայքում: Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am -ին պարտադիր է: 
Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել լուսանկարները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին: 

«Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 
Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

Print Friendly and PDF