Երևանում կանցկացվի դասընթաց-ճամբար

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2013թ. մարտի 2-5ը Երևանում կկազմակերպվի հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` Հայաստանում կրոնական փոքրամասնությունների, մտքի, խղճի և կրոնական ազատության իրավունքի, մամուլի կողմից կրոնական փոքրամասնությունների լուսաբանման թեմայով:  

Դասընթացը նախատեսված է Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի հանրային թղթակիցների, բլոգերների ու լրագրողների համար: 

Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուսաբանման, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի, լրագրողական էթիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներ, ինչպես նաև գործնական հմտություններ` աշխատելով լրագրողներից ու ոլորտի փորձագետներից բաղկացած խմբերում: Պրոֆեսիոնալ լրագրողի ուղղորդմամբ յուրաքանչյուր մասնակից կպատրաստի թղթակցային նյութ, որը կտպագրվի mynews.am կայքում: 

Դասընթացի մասնակիցների հետ իրենց փորձով կկիսվեն «Լրագրողներ հանուն ապագայի»  ՀԿ-ի ղեկավար Սուրեն Դեհերյանը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ Արթուր Պապյանը,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿի նախագահ Ստեփան Դանիելյանը, Թաղինֆո կայքէջի համակարգող Գայանե Միրզոյանը, սոցիոլոգ Մերի Երանոսյանը և այլոք:

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել 
Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 
Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ համընկնի ԱՄՆ պետքարտուղարության կամ ՀԼԱ տեսակետների հետ:

Print Friendly and PDF