Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ը կմեկնարկի վաղը. հաղթող թիմին` 1 մլն դրամ

Դեկտեմբերի 21-22-ը Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում տեղի կունենա «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» ծրագրավորման ու նորարարության մրցույթը: 

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝  Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

51 թիմ` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն տարբեր ոլորտներում խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարար նախատիպերը:

Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հիմնական անվանակարգերը չորսն են.

Ամենանորարար լուծում
Լավագույն հավելված
Լավագույն խաղ
Լավագույն թիմ

Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ը մեկ հաղթող թիմ կունենա, որին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կշնորհվի 1 մլն դրամի չափով մրցանակ:
Մնացած անվանակարգերում հաղթող թիմերին կհանձնվեն վերջին սերնդի սմարթֆոններ Մայքրոսոֆթ ընկերության կողմից և այլ խրախուսական մրցանակներ գործընկերների կողմից:  

«Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների դերը ֆինանսական ոլորտի զարգացման մեջ, նախատեսել է  այդ ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի խրախուսական հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս:

Ucom ընկերությունը հաղթող թիմերին կտրամադրի իր ծառայությունների փաթեթի անվճար բաժանորդագրություն:

Հեքըթոն[ՅԱՆ]2013–ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ: 
Ծրագրին աջակցում է Knight Mozilla OpenNews-ը:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի պատմությունը

2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից:

2012թ Նորարարություն խորագրով Հեքըոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ:
Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին:  
Հաղթող բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր`www.4car.am; www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener:  

Ի՞նչ է Հեքըթոնը
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Ի՞նչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: 

Print Friendly and PDF