Կմեկնարկի «Ձեռներեցների փոխայցելություններ» ծրագիրը

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ, Հայաստան) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ, Թուրքիա) հայտարարում են «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մեկնարկը, որը կիրականացվի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 
 
Նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների և ոլորտի էնտուզիաստ սկսնակների (սթարթափեր) միջև:
 
Նախագծի շրջանակներում կիրականացվեն գործարարների փոխայցելություններ Հայաստան և Թուրքիա, կկազմակերպվեն ճանաչողական ու ներկայացուցչական հանդիպումներ և քննարկումներ երկու երկրներում: Պատվիրակությունները կայցելեն գործընկեր երկրի առաջատար ՏՀՏ նորարարական կենտրոններ և ինժեներական լաբորատորիաներ և հանդիպումներ կունենան ՏՀՏ ոլորտի առաջատար դեմքերի հետ:
 
«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլը տեղի կունենա 2014թ. նոյեմբերի 6-10-ը, Երևանում և Գյումրիում: Բաց մրցույթով ընտրված 20 ձեռներեցներ, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներ, գործարարներ, ծրագրավորողներ, դիզայներներ և ՏՀՏ ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև Սթարթափ Ուիքենդի վարողներ Թուրքիայից կայցելեն Հայաստան:
 
Հայաստանյան իրենց գործընկերների հետ միասին (որոնք նունպես ընտրվել են բաց մրցույթով) նրանք կմասնակցեն Սթարթափ Ուիքենդի, որը տեղի կունենա Երևանում և Գյումրիում, նոյեմբերի 7-9: Այս միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան կիսվել իրենց գաղափարներով, ձևավորել թիմեր, կազմել սթարթափ նախագծեր, ներկայացնել նախատիպեր և պարզել, թե այդ նախագծերից որոնք կարող են կենսունակ լինել: Երկու երկրների, ինչպես նաեւ Սիլիկոնե հովտի ճանաչված ընկերությունների ներկայացուցիչներից կազմված մասնագիտական ժյուրին կընտրի  առավել նշանակալից նախագծերը: Ժյուրիի կազմում կլինեն նաեւ ներդրումային ծրագրեր իրականացնող գործարարներ, ինչը մասնակիցների համար աննախադեպ հնարավորություն է՝ իրենց նորարար գաղափարի համար ֆինանսական ներդրումներ հայթայթելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար: Ի հավելումն նշված միջոցառումների, Սթարթափ Ուիքենդի ընթացքում Սիլիկոնային հովտից և այլ միջազգային գործարար միջավայրերից ժամանած գործարարներն ու ներդնողները հանդես կգան վարպետության դասընթացներով:
 
Ինչպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն է նկատում, «Ձեռնարկությունների կազմավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը,երիտասարդներին ռեալիզացման հնարավորությունը ընձեռելը և այս գործընթացի մեջ ձեռքը զարկերակի վրա պահելը շատ կարևոր է: Սթարթափերի զարգացմանը նպաստում է նաև այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին է Սթարթափ ուիքենդը, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, գտնել համախոհներ, լսել կայացած բիզնեսմենների հաջողության պատմությունները և խորհուրդներ ստանալ նրանցից»:
 
«Այս միջոցառումը հարևան շուկաներում ներդրումների հնարավորությունը բացահայտելու շատ լավ առիթ է Թուրքիայի ներդնողների համար և նոր գործընկերներ գտնելու լավ հնարավորություն է Թուրքիայի գործարարների համար», - կարծում է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) Ձեռներեցության ծրագրի տնօրեն Ուսալ Շահբազը:
 
«Սթարթափ ուիքենդը» կանցկացվի ՏՏ ոլորտի տարածաշրջանային Հեքըթոն[ՅԱՆ]2014 միջոցառմանը զուգահեռ: Հեքըթոն[ՅԱՆ]-ը նորարարական գաղափարների և նախագծերի մրցույթ է: Այն Հանրային լրագրության ակումբի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախաձեռնությունն է և իրականացվում է 2011 թվականից: Հեքըթոն[ՅԱՆ]2014-ը կիրականացվի ՀԼԱ-ի և ՄԻԿ-ի կողմից՝ mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի հետ համատեղ և կունենա տարածաշրջանային և միջազգային ընդգրկում:
 
Սթարթափ ուիքենդը, Հեքըթոն[ՅԱՆ]2014-ը, ինչպես նաեւ մյուս հարակից միջոցառումները համագործակցության ընդլայնման, նոր կապեր  ստեղծելու եւ ներդրումներ հայթայթելու բացառիկ հնարավորություն կընձեռեն ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների համար:
 
Ծրագրով նախատեսվող 2-րդ այցելությունը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերին: ՏՏ ոլորտը ներկայացնող, նախօրոք ընտրված 10 հայաստանյան գործարարների եւ ձեռներեցների խումբը կայցելի Թուրքիա: Հայաստանյան պատվիրակության անդամները կմասնակցեն քննարկումների, կայցելեն առաջատար ինովացիոն կենտրոններ և ինժեներական լաբորատորիաներ:
 
«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 
 
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիր
 
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Կայունություն գործիքի շրջանակներում:    
 
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։
 
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
 
Հանրային լրագրության ակումբ
 
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում 2011 թ.-ից գործող հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը Հայաստանում,  զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը եւ ստեղծելով գրավիչ հարթակներ՝ քաղաքացիական թղթակիցների, պրոֆեսիոնալ լրագրողների, լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետների համագործակցությունը խթանելու նպատակով: 
 
Իր գործունեության երեք տարիների ընթացքում Հանրային լրագրության ակումբին հաջողվել է դրական համբավ ձեռք բերել՝ հաջողությամբ իրակացնելով մի շարք նորարարական նախագծեր, ինչպես օրինակ www.mynews.am հանրային թղթակցության հարթակը և Հեքըթոն{ՅԱՆ} նորարարական գաղափարների մրցույթը, որի նախաձեռնողներից և հիմնադիրներից մեկը հենց ՀԼԱ-ն էր: Մեկ այլ հաջողված ու կայացած նախագիծ է Մեդիա կենտրոնը, որն արդեն շուրջ մեկ տարի ծառայում է Հայաստանում բանավեճի մշակույթի զարգացման և քաղաքացիական դաշտի, պետական հաստատությունների ու միջազգային կառույցների միջև հաղորդակցության ընդլայնման նպատակին:
 
ՏԵՊԱՎ

 
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկուսակցական, շահույթ չհետապնդող «ուղեղային կենտրոն» է, որը հիմնադրվել է 2004թ. և տեղակայված է Թուրքիայում՝ Անկարայում: ՏԵՊԱՎ-ի թիմը ներառում է գիտական և քաղաքական փորձագիտության և ռազմավարական խորհրդատվության հմտություններ ունեցող 40-ից ավելի հետազոտողների և փորձագետների: ՏԵՊԱՎ-ը քաղաքական խորհրդատվություն է տրամադրում և երկխոսության ու կոնֆլիկտների լուծման պլատֆորմներ է կազմում Թուրքիայում և տարածաշրջանում հասարակական և մասնավոր գործունեություն իրականացնողների համար: ՏԵՊԱՎ-ի գործունեության հիմնական ոլորտներից մեկը գործարար միջավայրի զարգացումն է: 2011 թվականից ՏԵՊԱՎ-ը համակարգում է ԱՄՆ պետդեպարտամենտի Համաշխարհային գործարարության ծրագրի ներկայացուցչությունը, որի նպատակն է աջակցել ձեռներեցության միջավայրի զարգացմանը Թուրքիայում՝ ընդլայնելով կապերը ԱՄՆ գործարար միջավայրի հետ: 2013 թվականին ՏԵՊԱՎ-ը հիմնադրել է Գարաժ ձեռներեցության կենտրոնը՝ Անկարայում առաջին ինկուբացիոն կենտրոնը, որն այժմ նորարարների մի ուժեղ համայնք է միավորում:

 

Print Friendly and PDF