Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթ

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի  նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել է Գյումրի և  նպատակ ունի խրախուսել Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցել մրցույթին և կյանքի կոչել իրենց գաղափարները:

Երբ՝ նոյեմբերի 8-9, 2014թ

Որտեղ՝ Գյումրի տեխնոլոգիական կենտրոն

Եթե Դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով Դուք կարող եք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել  խնդիր լուծելու Ձեր կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն և իհարկե` անմոռանալի ժամանակ անցկացնել:

Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը անցկացվում է Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և  հնարավորություն է տալու թիմերին ծանոթանալ տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցել նաև զուգահեռ ընթացող սեմինարներին, ներկայացումներին և այլն:

Innoweekend  միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և միջոցառումներին գրանցվելու համար կարող եք այցելել www.innoweekend.am կայք:
Մասնակցե՛ք Հեքըթոն [ՅԱՆ] Գյումրի մրցույթին Ձեր ընկերների և համախոհների հետ միասին, ներկայացրե՛ք բիզնես ներուժ ունեցող ցանկացած նախագիծ` համակարգչային ծրագիր, տեխնոլոգիական լուծում ցանկացած ոլորտում, հեռախոսային հավելված, խաղ, նորարարություն և դարձե՛ք Հայաստանում ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի հաղթող:

Հայտը լրացնելու համար այցելե’ք www.innoweekend.am

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 –ը մաս է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:


Հեքըթոն[ՅԱՆ]-ի պատմությունը

2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից:

2012թ Նորարարություն խորագրով Հեքըոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ:

2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որին  աննախադեպ քանակի դիմում -հայտեր էին ստացվել: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին:

Ի՞նչ է Հեքըթոնը

Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Ի՞նչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

Print Friendly and PDF