Հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Փետրվարի 24-ին Հայաստանի  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ)  ոլորտը ներկայացնող 12 առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ձեռներեցներ, ներդրումային ծրագրեր իրականացնողներ  կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի երկրորդ  փուլին:

Նախագիծն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:  Հնգօրյա  (24 փետրվար-1 մարտ) փոխայցելության շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Թուրքիայի ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, ներդնողների և վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներ, սկսնակ և կայացած ձեռներեցների հետ, իսկ փետրվարի 25-ին կմասնակցի Հայաստանի եւ Թուրքիայի ՏՀՏ ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը:
 
Փետրվարի 26-ին Հայաստանը ներկայացնող 12 հոգանոց պատվիրակությունը ճանաչողական այցերով կլինի Ստամբուլի հեղինակավոր ինկուբատոր ITU տեխնոպարկում (Monitise,Solvoyo և Rasyonet ընկերություններ), FitStartup Factory-ում, ինչպես նաև Թուրքիայի ամենահաջողակ սկսնակ կազմակերպություններից մեկում՝ Yemeksepeti.com-ում:
 
Փետրվարի 27-ին և 28-ին  հայկական պատվիրակությունը հնարավորություն կունենա մասնակցելու Անթալիայում անցկացվող մեծ հեղինակություն վայելող Startup Turkey միջոցառմանը, որը միավորում է  տարածաշրջանի առաջատար ձեռներեցներին , ներդրողներին, տեխնոպարկերի, աքսելերացիոն ծրագրերի, սթարթափերի, ՏՀՏ կայացած ընկերությունների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրագրողներին ու միջոցառման այլ հյուրերին: Միջոցառմանն ընդհանուր առմամբ  ներկա է լինելու մոտ 700 մասնակից: Սա բացառիկ ձևաչափ է, որտեղ հնարավորություն է ընձեռվում մասնակիցներին  ձեռք բերել կարևոր գործնական կապեր:
 
Թուրքիա կատարելիք այցելության Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը ներկայացնող պատվիրակության անդամներն են.
 
Աննա Իսրայելյան - Առավոտ առցանցի գլխավոր խմբագիր՝ Aravot.am
Արփինե Գրիգորյան - Կապի և կորպորատիվ հարցերի գծով պատասխանատու՝ PanARMENIAN համահայկական ցանց, մեդիայի և մարկետինգի մասնագետ՝ Triada Studio Games-ի “Shadowmatic” գլուխկոտրուկ հավելման նախագիծ
Աշոտ Արզումանյան - Գործընկեր, Granatus Ventures
Հայկ Չոբանյան - Տնօրենի տեղակալ, Union of Information Technology Enterprises (UITE)  
Լուսինե Վարդանյան - Ներդնողների հետ կապերի պատասխանատու, Ameria Bank 
Միհրան Բաբայան - Համահիմնադիր, Home Planning սթարթափ
Արմինե Մկրտչյան - Կազմակերպչական զարգացման գծով փոխտնօրեն, BetConstruct
Նայջել Շարփ - Տնօրեն, Lion Sharp 
Պավել Սնխչյան - Փոխնախագահ, Sourcio IT Consulting Company 
Սամվել Մարտիրոսյան - Ինտերնետի անվտանգության և սոցիալական մեդիայի փորձագետ, բլոգգեր  
Ազատ Թովմասյան - Տնօրեն և համահիմնադիր, Vertigo Group
Երվանդ Աղաբաբյան  - Գործառնությունների գծով տնօրեն, SFL

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի հայաստանյան փուլն անցկացվեց նոյեմբերի 6-9-ին (2014), որի շրջանակներում ընթացավ նաև «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը»:
 
«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Print Friendly and PDF