Կարողությունների զարգացում Հայաստանից և Թուրքիայից 6 սթարթափ թիմի համար

18 երիտասարդ սկսնակ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից կմասնակցի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացմանն ուղղված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրին: Ծրագիրը մենթորային ուղղորդման, դասընթացների, սթարթափներին աջակցության և գործընկերային կապերի հաստատման շնորհիվ կնպաստի Հայաստանից և Թուրքիայից երիտասարդ ՏՀՏ ձեռներեցների կարողությունների զարգացմանը: Ծրագիրն իրագործվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  
 
Ծրագրում ներգրավված է երեք թիմ Հայաստանից և ևս երեքը Թուրքիայից: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ կաշխատեն Հայաստանից և Թուրքիայից ընտրված մենթորներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի կունենա կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ կտարվեն աշխատանքներ, այնուհետև թիմերի անդամները կմիավորվեն Հայաստանում:
 
Հայաստանյան քառօրյա արագացված դասընթացը (մարտ 26-29) կանցկացվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, որը  հարմարեցված կլինի թիմերի կարիքներին, ինչպես նաև կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական հնարավորություններ, հաճախորդների օգտակարության գործակցի բարձրացում, բիզնեսի նախագծում և տպավորիչ ելույթ (փիչ): Մենթորային ուղղորդման երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը կլրամշակեն իրենց գաղափարները և կնախապատրաստվեն ելույթներին (փիչերին): Մայիսին թիմերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կհանդիպեն Հայաստանում՝ ներկայացնելու համար իրենց գաղափարները ներդրողներին Հայաստանից և Թուրքիայից: 
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնների ցանցը գործում է ողջ աշխարհում և աջակցում է տեղական սթարթափերին և տեխնոլոգիական համայքներին՝ ապահովելով համապատասխան միջավայր և մատուցելով ծառայություններ, որոնք օգնում են հիմնել նորանոր սթարթափեր, զարգացնել ստեղծարար միտքը և բարձրացնել մրցունակությունը:
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր  գործունեությունը   2011 թվականի մայիսի 11-ին, որից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել  Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:
ՄԻԿ Հայաստանի հիմնական առաքելությունը տեղական ՏՏ համայնքին աջակցելն է՝ նպատակ ունենալով ձևավորել բարենպաստ միջավայր  համաշխարհային ու տեղական շուկայում մրցունակ  սթարթափերի ստեղծման համար:
 
Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:
 
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
 
 

Print Friendly and PDF