Ստամբուլ. «ՏՀՏ ոլորտը Թուրքիայում և Հայաստանում. համագործակցության հնարավորություններ»

Փետրվարի 25-ին 13:30-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ՏՀՏ ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը նվիրված կլոր սեղան-քննարկում:

Քննարկումով մեկնարկեց «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի երկրորդ փուլը, որը կազմակերպվել է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումը բացեցին և ողջույնի խոսքով հանդես եկան նախագիծն իրականացնող կազամակերպությունների ղեկավարները՝ «Հանրային լրագրության ակումբի»  նախագահ  Սեդա Մուրադյանը և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» (ՏԵՊԱՎ, Թուրքիա) ներկայացուցիչ Ուսալ Սահբազը:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին Սեդա Մուրադյանն ասաց. «Այս փոխճանաչման նախագիծը մենք ի սկզբանե դիտարկում էինք որպես փորձնական ծրագիր, սակայն արդյունքում այն վերաճեց շատ հաջողված եւ երկարաժամկետ  նախաձեռնության եւ չնայած քաղաքական առումով նյարդային եւ զգայուն ժամանակներին՝ մենք այստեղ ենք՝ փոխադարձ այցելությամբ ու  համագործակցությունը շարունակելու մտայնությամբ»:
 
Ուսալ Սահբազը իր խոսքում նույնպես անդրադարձավ նախագծի գաղափարին. «Նախագիծը մշակելիս մենք  կարծում էինք, որ լավ կլիներ համանման հետաքրքրություններ և մտածողություն ունեցող երիտասարդ ձեռներեցներին միավորող  ծրագիր նախաձեռնել: Այսօր կարող ենք փաստել, որ Թուրքիայում նախագծի հանդեպ շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց: Նոյեմբերին մենք նախատեսվածից ավելի մեծ կազմով  հրաշալի այցելություն կատարեցինք Հայաստան, և այժմ մենք ենք հյուրընկալել Հայաստանի պատվիրակությանը»:
 
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին բանախոսներ Հայաստանից և Թուրքիայից, ինչպես նաև ներկա եղան Թուրքիայի ձեռներեցության էկոմահակարգի առաջատար եւ ճանաչված ներկայացուցիչներ:
 
Քննարկումը ընթացավ երեք թեմատիկ խմբով, որոնք են՝

Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընդանուր ակնարկ,
Ներդրումներ, սթարթափներ, ներդրումային համակարգը Հայաստանում և Թուրքիայում,
Ինտերնետային ազատություն, կառավարություն-ինտերնետ հարաբերություններ, կիբեր պատերազմներ:

Հայաստանի պատվիրակությունից քննարկմանը մասնակցեցին՝ Հայկ Չոբանյանը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն տնօրենի տեղակալ, Աշոտ Արզումանյանը՝ Գրանատուս վենչուրս, գործընկեր, Սամվել Մարտիրոսյանը՝ ինտերնետի անվտանգության և սոցիալական մեդիայի փորձագետ, բլոգգեր, Թուրքիայից՝ Դողան Թաշքենտը՝ Arkan & Ergin ընկերության ֆինանսական գործընկեր, Բորա Յըլմազը՝ REVO-ի գործընկեր, Ֆըրատ Իշբեջեր՝Monitise MEA ընկերության գործառնությունների գծով տնօրեն, Ռինա Օնուրը՝ Peak Games-ի ներկայացուցիչ:
Բանախոսները ներկայացրին երկրներում առկա ձեռքբերումներն ու բացերը ՏՀՏ դաշտում՝ ընդգծելով ոլորտի գերակայությունը երկրների զարգացման տեսանկյունից:
 
Դողան Թաշքենտը որպես ընդհանուր ակնարկ ներկայացրեց Թուրքիայում ՏՀՏ ոլորտի զարգացման պատմությունը. « Ամեն ինչ սկսվեց 70-ականներին և առաջին ծիծեռնակները եղան բանկերը, այնուհետև որոշ համալսարաններ հետևեցին նրանց օրինակին:  80-ականներին ձևավորվեց ծրագրային ապահովումների տեղական ինդուստրիան, որը հիմնականում սպասարկում էր բանկերին: 90-ականների կեսերին ծրագրային ապահովումների շուկա մուտք գործեց և դարձավ առաջատար IBM ընկերությունը: Ավելի ուշ Microsoft-ը և այլ ընկերություններ ապահովեցին իրենց ներկայությունը թուրքական շուկայում, սակայն միայն ինտերնետի շնորհիվ հնարավոր դարձավ ոլորտի դեմոկրատացումը»:
 
Հայկ Չոբանյանը որպես հայաստանյան շուկայի առավելություն ընդգծեց  սփյուռքի գործոնը՝ հավելելով, որ Հայաստանում այժմ գլխավոր մարտահրավերը կադրերի պատրաստումն է, որի համար ավանդական կրթությունն այլևս բավարար չէ:
 
Աշոտ Արզումանյան
ը ներկայացրեց Գրանատուս Վենչուրս ընկերությունը, որը Հայաստանի միակ վենչուրային հիմնադրամն է: Այն արդյունքների հիման վրա մինչև մեկ միլիոն դոլարի չափով ֆինանսավորում է տրամադրում՝ նպատակ ունենալով նախապատրաստել սթարթափներին դուրս գալ միջազգային ասպարեզ: 
 
Թուրքիայից բանախոս Ֆըրաթ Իշբեջերը նշեց, որ վենչուրային կապիտալի ինստիտուտը գնալով զարգանում է Թուրքիայում. «տասը տարի առաջ ընդամենը երկու ներդրող էր առկա՝ երկու միլիոնին համարժեք կապիտալով, մինչդեռ այժմ գոյություն ունեն միլիոնավոր դոլարներ ներգրավող ֆոնդեր: Այնուամենայնիվ, ռեսուրսները սահմանափակ են, և դրանց խելացի օգտագործման պլանավորումը շատ կարևոր է»:
 
Բորա Յըլմազը, դիտարկելով համագործակցության հնարավորությունները, նշեց, որ այն իրականություն կդառնա փոխադարձ շահի պարագայում. «Ես ներդրում կանեմ հայաստանյան ՏՀՏ-ում, եթե նախագիծը վերաբերի Թուրքիայի շուկային»: 
 
Ներդրումների առնչությամբ սկսնակ ձեռներեցների հետ իր տպավորությամբ կիսվեց բանախոս Ռինա Օնուրը: Ըստ նրա՝ երիտասարդ ընկերություններում ներդրում անելիս նախ ներդրողի համար կարեւոր են մարդիկ, ովքեր իրականացնում են գաղափարը, այլ ոչ այնքան լավ գաղափարը:  Ներդնողը կարող է և խորապես չհասկանալ ծրագրի մանրամասները, բայց կարեւոր է որ տեսնի եռանդուն եւ գաղափարին նվիրված թիմ, որը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն գաղափարի իրականացման:
 
Քննարկումը ամփոփեց Հայաստանի պատվիրակությունից Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ Հայաստանում ինտերնետի ազատության, կառավարություն-ինտերնետ հարաբերությունների եւ կիբերպատերազմների հարցերին: 
 
Կլոր սեղան-քննարկումը համակարգեց Էմին Օկուտանը:

Print Friendly and PDF