Հայկական պատվիրակությունը ճանաչողական այցերով եղավ Թուրքիայի ՏՀՏ ընկերություններում

Փետրվարի 24-ից մարտի 1-ը Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) 12 առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաև ձեռներեցներ, ներդրումային ծրագրեր իրականացնողներ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի երկրորդ փուլի շրջանակներում ճանաչողական այցով եղան Թուրքիայում: 

Հնգօրյա փոխայցելության շրջանակներում հայկական պատվիրակությունը Ստամբուլում և Անթալիայում հանդիպումներ ունեցավ ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, ներդրողների և վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներ, սկսնակ և կայացած ձեռներեցների հետ , որը հնարավորություն տվեց ծանոթանալ և ուսումնասիրել Թուրքիայի ՏՀՏ էկոհամակարգը:
 
Փետրվարի 26-ին Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ճանաչողական այցերով եղավ Ստամբուլի Տեխնոլոգիական Համալսարանում տեղակայված հեղինակավոր տեխնոպարկում, որտեղ գտնվում են բազմաթիվ  կայացած ընկերությունների գրասենյակներ, հանրահայտ ինկուբատոր FitStartup Factory-ում, ինչպես նաև Թուրքիայի ամենահաջողակ սկսնակ կազմակերպություններից մեկում՝ Yemeksepeti-ում:
 
ITU տեխնոպարկի ներկայացուցիչը խոսեց այն օրենսդրական,  հարկային և սոցիալական արտոնութունների մասին, որ տրամադրվում է ընկերություններին իրենց բիզնեսը տեխնոպարկում իրականացնելու համար: Հայաստանի պատվիրակությանն իրենց գործունեությունը ներկայացրեցին Monitise և Solvoyo  ընկերությունները, որոնք տեղակայված են տեխնոպարկում: Monitise-ը հեռախոսային դրամային ծառայությունների ոլորտում միջազգային առաջատար կազմակերպություն է: Ընկերությունը մատուցում է բջջային հեռախոսներով բանկային, վճարային և գնումների գործարքների կազմակերպման ծառայություններ: Հանդիպման ընթացքում Monitise-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեխնոլոգիայի ներդրման փորձը:
 
Solvoyo ընկերությունը ազմակերպությունում մեկ հարթակում ռազմավարական, մարտավարական պլանավորման ծառայություն է, որի կիրառումը հնարավորություն է տալիս ընդլայնել բիզնեսի եկամուտը՝ նվազեցնելով ծախսերը:
 
FitStartup Factory աքսելերացիոն ծրագիր իրականացնող ընկերությունում հայաստանյան սթարթափ թիմերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ սթարթափների աջակցության թուրքական փորձին, ինչպես նաև Թուրքիայի ներդրողներին ներկայացնել իրենց գաղափարները և պրոդուկտները: 
 
Ելույթներով հանդես եկան Արփինե Գրիգորյանը («Shadowmatic» գլուխկոտրուկ հավելում), Միհրան Բաբայանը (Home Planning), Նայջլ Շարփը (Voiceboard), և Պավել Սնխչյանը (EyeCare Plus):
 
Yemek Sepeti-ում  հայաստանյան պատվիրակությունը ծանոթացով սննդի  առցանց պատվերի Թուրքիայի ամենամեծ ընկերության գործունեությանը, շրջեց գրասենյակում:   
 
Փետրվարի 27-ից 28-ը Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Անթալիա՝ մասնակցելու Startup Turkey հեղինակավոր միջոցառմանը:

Print Friendly and PDF