Մեկնարկեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը հայ և թուրք ձեռներեցների համար

Երեկ Երևանում մեկնարկեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացը, որին մասնակցում է 15 երիտասարդ, սկսնակ ձեռներեց Թուրքիայից և Հայաստանից:

Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 6 թիմ, որից երեքը Թուրքիայից է (Անկարա, Ստամբուլ), երեքը՝ Հայաստանից (Երևան, Գյումրի): Քառօրյա դասընթացի ընթացքում սթարթափ թիմերը մասնակցելու են տարբեր դասախոսությունների և գործնական պարապմունքների, որոնք կանդրադառնան բիզնես հաջողության և բիզնես մոդելի խնդիրներին, մարքեթինգի և նախատիպերի ստեղծման հարցերին: 
 
ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները այս 4 օրերի ընթացքում աշխատելու են մենթորների ու դասընթացավարների հետ՝ զարգացնելու համար իրենց գաղափարները:
 
Քառօրյա դասընթացի մեկնարկին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ դեռ նոյեմբերին տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդը» մեծ հաջողություն ունեցավ:
 
«Տեխնոլոգիաների ոլորտը ամենամեծ հեռանկարներ ունեցող ոլորտն է,-նշեց փոխդեսպանը,-Այս նախաձեռնության ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ այստեղ մասնակիցները ընկերանում են, ստեղծում են նոր նախագծեր, ձեռք բերում ծանոթություններ, կապեր, ստանում ֆինանսավորում ու ներկայացնում վերջնական արդյունքները»:
 
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացի բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքացիական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:
 
«Մենք հավատում ենք, որ այս նախագծի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները կշփվեն միմյանց հետ, կզարգացնեն իրենց հմտությունները և ավելի կայուն համագործակցություն կունենան»,-ասաց Դիդենկոն:

Նա հավելեց նաև, որ նոյեմբերին անցկացված «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի ազդեցությունը գերազանցել է իրենց սպասելիքները, որին մասնակցել էր ՏՀՏ ոլորտի ավելի քան 70 մասնագետ:
 
Նշենք, որ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն է, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում: 
 
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի դասընթացավար Էմին Օկուտանը (Թուրքիա), անդրադառնալով առաջիկա 4 օրերին անցկացվելիք դասընթացներին, նշեց, որ աշխատելիս պետք է մտածել, թե որքանով  են ստեղծվող նախագծերը մարդկությանը օգուտ տալու:

Նախագծի համակազմակերպիչ «Հանրային լրագրության ակումբի» Հայաստան-Թուրքիա ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը ասաց, որ այս նախագիծը երկու կարևոր կողմ ունի. առաջինը երկու երկրների ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը, երկրորդ՝ տարածաշրջանում խաղաղ ու առանց լարվածության իրավիճակ ստեղծելու հնարավորությունը:
 
«Այս թիմերը իրենց գաղափարներն իրագործելուց, պատրաստի պրոդուկտ ստեղծելուց բացի հետագայում ստեղծելու են նոր աշխատատեղեր: Նրանք են ապագայի գործատուները»,-բացման միջոցառմանը ասաց նախագծի համակազմակերպիչ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» սթարթափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:
 
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 
 
 

Print Friendly and PDF