Փակ սահմանները հատելով՝ համագործակցում են տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանից և Թուրքիայից տեխնոլոգիաների ոլորտում նորարար գաղափարների շուրջ համախմբված վեց թիմերի 15-ից ավելի մասնակցիներ մարտի 26-ից՝ 4 օր շարունակ աշխատեցին միասին՝ փորձելով լրամշակել սթարթափ հիմնելու իրենց գաղափարները փորձառու մասնագետների օգնությամբ: 

Ավելի վաղ՝ դեռեւս 2014-ի դեկտեմբերին, Հայաստանից եւ Թուրքիայից երեքական թիմեր էին ընտրվել հայ-թուրքական այս համատեղ նախագծում ընդգրկվելու համար: Նախագծի համակազմակերպիչները՝ Հանրային լրագրության ակումբն ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը  2014-ի նոյեմբերից սկսել են «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախաձեռնությունը, որը 6 ամիսների ընթացքում օգնելու է  հարևան երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սթարթափերին ՝ իրենց բիզնես գաղափարները գրագետ և թիրախավորված մշակելու գործում:  
 
Մարտի 26-ին, մինչ այդ պահը միմյանց հետ միայն առցանց հաղորդակցման հնարավորություն ունեցած սթարթափերի 15 ներկայացուցիչներ հանդիպեցին և միմյանց, դասընթացավարներին ու կազմակերպիչներին ներկայացրեցին իրենց սթարթափ գաղափարները: Իսկ որ ամենակարևորն է՝ դասընթացի շնորհիվ ավելի լավ պատկերացում կազմեցին դրանք իրականացնելու տեխնիկական և բիզնես հնարավորությունների մասին: 
 
Թուրքիայից ժամանած դասընթացավար Էմին Օկուտանը, ով լսում էր բոլոր թիմերի սթարթափ գաղափարները և յուրաքանչյուրին ներկայացնում իր դիտարկումները, վստահեցնում է, որ բոլոր թիմերի նախագծերը դառնալու են մեծ և հաջողված բիզնեսներ:
 
«Անցյալ տարի նոյեմբերին մենք արդեն աշխատել ենք Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ ձեռներեցների հետ: Առաջին «Սթարթափ ուիքենդը», որը «ԻննոՈւքենդի» մի մասն էր կազմում, ավելի շատ վերաբերում էր պրոդուկտ ստեղծելուն: Իսկ այս դասընթացի ընթացքում մենք արդեն անդրադառնում ենք բիզնես մոդելավորմանը և նախատիպը իրական բիզնեսի վերածելուն»,-ասում է Օկուտանը:  
 
Մինչ երևանյան քառօրյա հանդիպումը, մենթորները թիմերի հետ անցկացրել էին  առցանց դասընթացներ, որի ընթացքում որոշակի աշխատանքներ են տարվել թիմերի գաղափարների զարգացման ուղղությամբ: 
 
Ի՞նչ գաղափարներով են եկել թիմերը
 
Home planning հայկական թիմը դասընթացին ներկայացրեց իր վիրտուալ դիզայներական հարթակ ստեղծելու գաղափարը, որը յուրաքանչյուր օգտատիրոջ համար կարող է դառնալ սեփական բնակարանը վիրտուալ տարածքում վերանորոգելու, կահավորելու և վերանորոգման աշխատանքների ծախսերը հաշվարկելու գործիք: 
 
Թուրքական Evreka թիմը յուրօրինակ լուծումներ է առաջարկում քաղաքային վայրերում աղբահավաքության համար: Այս նախագծի շրջանակում ստեղծվելու են հատուկ սարքեր, որոնք տեղադրվելու են աղբամանների մեջ և լցվելուն պես արձակելու են առցանց ազդանշան, որպեսզի աղբահավաք մեքենաները մոտենան և հավաքեն աղբը: Այս նախագիծը միտված է առաջին հերթին հեշտացնել քաղաքապետարանի աշխատանքը՝ խնայելով ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ, մյուս կողմից օգնել աղբահավաքության ճիշտ կազմակերպմանը և մաքրության պահպանմանը քաղաքում:   
 
Հայկական Paqqy թիմը ներկայացրեց  մարդկանց միջոցով տարբեր իրերի առաքում կազմակերպելու հարթակի ստեղծման գաղափարը: Գրանցված օգտատերերը   որոշակի վճարի դիմաց կարող են ստանձնել փոստատարի դեր: Օգտատերերը առցանց հարթակում կարող են գրանցել պատվերներ այս, կամ այն իրը տեղափոխելու համար եւ գտնել առաքիչներ: Առաքման համար օգտատերերը վարձատրվելու են կայքում նախապես սահմանված գնային սանդղակով:
 
MindMe թուրքական սթարթափը ներկայացնում էր բջջային հավելված, որի միջոցով օգտատերերը կարող են սովորել տարբեր լեզուներ: Հավելվածն ունենալու է խաղային տարրեր, ինչպես նաև TOEFL, IELTS  թեսթերը ուսումնասիրելու հնարավորություն:  
 
TPI  հայկական սթարթափը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առցանց հարթակ ստեղծելու գաղափարը, որի միջոցով նրանք կարող են վաճառքի դնել իրենց ձեռքի աշխատանքները՝ հուշանվերներ, բացիկները, փայտյա քանդակներ, ձեռագործ հագուստներ և այլն: Նախագծի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել եկամտի աղբյուր՝ կապող օղակ հանդիսանալով գնորդի և ձեռքի աշխատանքներ վաճառող հաշմանդամություն ունեցող մարդկանց միջև:
 
Trendify թուրքական թիմը ներկայացնում էր սոցիալական մեդիայում նոր թրենդեր՝ այսինքն նորաձև զանգվածային տարածվածություն ունեցող լուծումներ ստեղծելու համար նախատեսված հարթակ: Այս հարթակի միջոցով մարդիկ կարող են կիսվել իրենց գաղափարներով, ստեղծագործական մտքերով և առաջ տանել ու տարածել նոր թրենդեր:
 
Սթարթափի հաջողության բանալին. խորհուրդներ 
 
Դասընթացը վարեցին Արսեն Բաբայանը (WorkFront ընկերության որակի ապահովման մենեջեր, Հայաստան), Նազարեթ Սեֆերյանը՝ (ONEArmenia հայաստանյան գրասենյակի տնօրեն, Հայաստան), Էմին Օկուտանը (Viveka Technology Incubator-ի համահիմնադիր, Թուրքիա), Օզան Սյոնմեզը (Նոր վենչուրային աքսելերատորի ղեկավար, Թուրքիա):
 
Սթարթափ գաղափարները հաջողված բիզնեսի վերածելու համար դասընթացվարները տվեցին մի շարք կարևոր խորհուրդներ.
 
• Պետք է հասկանալ, թե ո՞րն է այն խնդիրը, որի համար ստեղծվում է արտադրանքը, կամ ծառայությունը:
• Արդյոք այդ խնդիրը այդքան կարևոր և մեծ  է թիրախային խմբի՝ հաճախորդների համար: Եթե այո, ապա թիմի ներկայացուցիչները պետք է մինչ պրոդուկտ ստեղծելը աշխատեն իրենց օգտատերերի հետ, ուսումնասիրեն խնդիրը խորությամբ, թեսթավորեն իրենց գաղափարները օգտատերերի մասնակցությամբ: 
• Պետք է հստակեցնել, թե ո՞վ է քո արտադրանքի իրական սպառողը և ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը տվյալ խմբի համար:
• Սթարթափի համար շատ կարևոր է, որ խնդրի լուծումը լինի ոչ թե լայն, այլ ավելի նեղ և հստակ ուղղված մեկ խնդիր լուծելուն:
• Սթարթափային թիմը պետք է կարողանա նվազագույն ծախսերով և միջոցներով ավարտուն տեսքի բերել իր արտադրանքը, կամ դրա նախատիպը:
• Շատ կարևոր է միասնական թիմ ունենալը: Գաղափարից ավելի կարեւորը՝ թիմն է: 
• Պետք  է ունենալ բիզնես մոդել, ինչը նշանակում է հստակ պատկերացնել սպառողին և թողարկել շուկայում քո ստեղծած արտադրանքը շահույթ ունենալու համար:
• Բիզնես ստեղծելը նման է ճանապարհ կառուցելուն: Այն բաղկացած է հիմնաքարերից ու փուլերից: Ամբողջական ճանապարհ կառուցելու համար բոլոր հիմնաքարերը պետք է ճիշտ վայրերում ու ճիշտ ժամանակին դրվեն: 
• Պետք է անընդհատ փորձարկել սթարթափ գաղափարը՝ պատմելով ու ներկայացնելով այն տարբեր մարդկանց ու օգտատերերի խմբերի, ցուցադրելով նախատիպը՝ որպեսզի հավաքագրված կարծքիների շնորհիվ հղկվի ու լրամշակվի թե գաղափարը, թե հավելվածը, թե կայքը, կամ սարքը:
• Սթարթափ գաղափարից դեպի բիզնես տանող ճանապարհը ուղիղ չէ, այն նման է պարույրի, որը ամեն մի քայլով մեկ մակարդակ բարձրանում է դեպի վեր, անընդհատ աճում ու դառնում իրական բիզնես:
 
Ի՞նչ սովորեցին դասընթացի ընթացքում 
 
Դասընթացն անցկացնող մասնագետները ծրագրի մասնակիցներին փոխանցեցին գիտելիքներ հիմնականում բիզնես մոդելավորման, մարքեթինգի, ժամանակի պլանավորման, նախատիպերի ստեղծման, ներդրողների և թիրախային խմբերի հետ աշխատելու վերաբերյալ: 
«Մենք ահռելի ինֆորմացիա և գիտելիքներ ստացանք: Դասընթացավարները մեզ սովորեցրեցին մեր գաղափարները գրավիչ եւ պրոֆեսիոնալ ներկայացնելու  հմտություններ, ներկայացրեցին ժամանակի պլանավորման, մարքեթինգի և բիզնեսի այբուբենը: Կարևոր էր իմանալ նաև, թե ինչպես պետք է աշխատենք մեր պոտենցիալ հաճախորդների հետ և գտնենք այն իրական խնդիրը, որը կլուծի մեր ստեղծած արտադրանքը»,-ասում է Evreka թիմի անդամ Նեջիպ Մերտ Բարուտչուն:
 
Մասնակիցները մատնանշում են, որ կարևոր բացահայտում էր նաև այն, որ թիմը  չպետք է սիրահարված լինի իր արտադրանքին ու գաղափարին, այլ պետք է կենտրոնանա  հաճախորդի կարիքների վրա, գտնի և սիրի լուծումը գոյություն ունեցող խնդրի համար: 
Ծրագրի մասնակցիների համար կարևոր հմտությունների ձեռք բերում էր նաև խաղաֆիկացիայի սկզբունքներին ծանոթանալը: 
«Հիմնական գաղափարն այն է, որ դու հաճախորդի համար խնդիրը կարող ես լուծել հետաքրիքր դիզայնի ու խաղային տարրերի միջոցով, որպեսզի նրան հետաքրքրես ու հաջորդ անգամ օգտատերը կրկին օգտվի հարթակից, կամ հրավիրի նոր օգտատերերի՝ տվյալ արտադրանքից օգտվելու համար»,- ասում է Home planning  թիմի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանը:
 
Հաջորդ կարևորագույն դասը, որ տպավորվել էր երիտասարդ ձեռներեցների մոտ ներդրողներին գրավելու, նրանց հետ աշխատելու, ինչպես նաև շուկան գնահատելու վերաբերյալ էր:
 
«Մենք հասկացանք, որ ամեն օր պետք է խոսենք մարդկանց հետ մեր նախագծի մասին և կարծիքներ հավաքագրենք, ու ավելի լավ հասկանանք, թե ինչ թերի կողմեր կան նախագծում, և արդյոք արժե՞ այդ գաղափարը կյանքի կոչել, թե՞ ոչ»,-ասում է TPI թիմի ներկայացուցիչ Վարդուհի Մուրադյանը:
 
Դասընթացավար Օզան Սյոնմեզը նշում է, որ թիմերի ամենաառաջին խնդիրը իրենց գաղափարները կաշկանդված ու զսպված ներկայացնելն է, մինչդեռ նրանք պետք է ներկայացնելիս լինեն ինքնավստահ ու ոգևորված:
 
«Այս ծրագրի շրջանակում հայկական սթարթափերը բավականին երկար ժամանակ շփվում են թուրքական սթարթափերի հետ, սա հնարավորություն կտա մուտք գործել նաև թուրքական շուկա, երբ նրանց արտադրանքը ավարտուն լինի և գործարկվի: Նրանք արդեն ունեն այդ մարդկային և պրոֆեսիոնալ կապերը, ու ներքին ցանցի միջոցով կարող են իրենց ծրագրերը իրագործել նաև Թուրքիայում, իսկ թուրքական սթարթափերը՝ Հայաստանում»,-նշում է Սյոնմեզը:
 
Դասընթացի տեսական և գործնական պարապմունքներից ոգևորված մասնակիցները իրենց մտահոգող հարցերը ուղղում էին մասնագետներին, այնուհետև փոխանակում կարծիքներ յուրաքանչյուր սթարթափի մասին, հակադարձում միմյանց, կամ գալիս ընդհանուր հայտարարի:
«Անձնական մակարդակով, քանի որ մենք այդքան շփում չունենք թուրք սթարթափների հետ, այս ծրագրի շրջանակում որոշակի կարծրատիպեր կոտրվեցին, որոշակի շփում ստեղծվեց, որը հետագայում կարող է մեծ համագործակցության վերածվել: Իսկ մասնագիտական տեսանկյունից քո գաղափարի մասին տարբեր կարծիքներ լսելը մի մարդուց, ով նույնպես գտնվում է սթարթափային փուլում, շատ օգտակար է մեզ համար»,-ասում է Paqqy հայկական թիմի ղեկավար Ռուբեն Համբարձումյանը:
 
Ընդմիջումներին թիմերը կրկին շարունակում էին քննարկումները, թե ինչպես պետք է իրենց գաղափարները վերածեն իրական բիզնեսի, ինչ թերի և բաց կողմեր ունեն նախագծերում, ու ինչպես պետք է դրանք շտկեն, զարգացնեն:
 
Թեժ քննարկումներին հաջորդում էին խաղային վարժությունները,  որոնք թիմերի մոտ զարգացնում էին հմտություններ հաճախորդին գրավելու, իրենց արտադրանքը ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: 
 
«Այս օրերի ընթացքում ծանոթացանք մյուս թիմերի ծրագրերին, գաղափարներին, որոնց հնարավորություններից նույնպես կարող ենք օգտվել, կամ կիրառել մեր ծրագրերում: Թուրք սթարթափերի հետ մենք ունենք շատ նմանություններ, ու կարծում եմ, մենք կարող ենք իրենց գաղափարներից ինչ-որ բաներ սովորել, իրենք էլ՝ մեր: Մյուս կողմից միջմշակութային կապերը շատ կարևոր են երկու կողմի համար: Շատ կարևոր է Թուրքիայի հետ սահմանները կոտրել և փորձել համագործակցության եզրեր գտնել գոնե ՏՏ ոլորտում»,-ասում է Վարդուհի Մուրադյանը:
 
Դասընթացից նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած մասնակիցները միմյանց հետ համագործակցությունը տեսնում են նաև հետագայում՝ իրենց նախագծերը կյանքի կոչելուց հետո:
 
«Մասնակցելով այս դասընթացին՝ մենք առաջին հերթին ստեղծեցինք կապեր հայերի հետ: Հայաստանը պոտենցիալ շուկա է մեզ համար: Սա հնարավորություն է, որ մենք  հետագայում այս կապերը օգտագործենք, և մեր ծրագիրը իրագործենք նաև հայաստանյան շուկայում»,-ասում է թուրքական Evreka թիմի ներկայացուցիչ Մեհմեդ Փանջարօղլուն:
 
Դասընթացից դուրս մասնակիցները հնարավորություն ունեցան նաև համատեղ ժամանակ անցկացնել  և ավելի շատ անձնական շփումներ ունենալ՝ քննարկելով մշակութային և լեզվական նմանություններն ու տարբերությունները, խոհանոցը, ճարտարապետությունը:
 
«Ցանկալի է, որ նման ծրագրերը շարունակական լինեն: Այս հանդիպումները օգնում են կարծրատիպերի վերացմանը: Մենք կարող ենք իսկապես ընկերանալ և համագործակցել»,-նշում է MindMe թիմի ներկայացուցիչ Գյոնուլ Ունալը: 
 
Քառօրյա դասընթացի ավարտից հետո թիմերը պետք է շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա և ներկայացնեն իրենց գաղափարները ավարտուն տեսքով ծրագրի վերջին փուլին՝ 2015-ի մայիսին, Երևանում:  
 
Նշենք, որ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն էր, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում:
 
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ: Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 
 
Հեղինակ՝ Լիլիթ Առաքելյան, նյութը արտատպվում է www.mynews.am-ից: 

Print Friendly and PDF