Մեկնարկել է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը

 

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում սկսել է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի իրականացումը։ 

Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների բարելավմանը, խթանել համայնքի նկատմամբ պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողությունները:

Նախագծի շրջանակներում  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 9-10-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն շարադրությունների մրցույթի` գրելով իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։ Երեխաներին իրենց հետաքրքրական և նորարար գաղափարներն առաջարկելու և շարադրելու հարցում կօգնեն ստեղծարար մտքերի, հանրային թղթակցության և այլ թեմաներով վարպետաց դասերը:

Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար կընտրվի եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար, որոնց շուրջ կստեղծվեն իրականացնող խմբեր`դրանք կյանքի կոչելու համար: Նախագծի ավարտին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր վարչական շրջանում կիրականացվի մեկ գաղափար:

Նախագծի մասնակից երեխաները կմասնակցեն տարբեր բանավեճերի և մամլո ասուլիսների՝ քննարկելով համայնքայի զարգացման հիմնախնդիրները:

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում գրված ամենահետաքրքրական շարարդրություններին մշտապես կկարողանաք հետևել MyNews.am կայքում, որը Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող հանրային թղթակցության հարթակ է:

Նախագիծը մեկնարկել է ս․թ․հեկտեմբերի 1-ին և իրականացվելու է ութ ամիսների ընթացքում։

Նախագծի հիմնական փուլերն են․
-    Շարադրություն-առաջարկների մրցույթ
-    Վարպետաց դասեր ստեղծագործ և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու և ներկայացնելու վերաբերյալ
-    Վերապատրաստում ընտրված գաղափարների շուրջ ստեղծված իրականացնող խմբերի համար
-    Գաղափարների իրականացում։

 

Print Friendly and PDF