Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

2015 թ., սեպտեմբերի 10,

Երեւան

Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում ս.թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի առնչությամբ։

Տրամաբանական համարելով, որ նախաքննության համար նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամկետ ստացավ իրեն վերապահված գործառույթները իրականացնելու համար, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում ՀՔԾ-ում դրսեւորվող մակերեսային մոտեցումն ու դանդաղկոտությունը:

Ծավալուն քրեական գործը, որը  ներառում է նաեւ տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ։ Սա վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին։

Այսպես, հունիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից բռնության կամ տարատեսակ այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ դեռ չեն հարցաքննվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյանը (Epress.am լրատվական կայք), Հայկ Բադալյանը («Ֆոտոլուր» գործակալություն), անկախ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանը, ինչպես նաեւ` 1in.am լրատվական կայքի ներկա եւ նախկին աշխատակիցներ Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը եւ Արեն Մկրտչյանը։ Մեկ լրագրողի՝ iLur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին, դեռեւս չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը։ Ավելին՝ ոստիկանության կողմից առաջարկվել է վրդովմունք հարուցող «գործարք». այդ սարքը կտրամադրվի, եթե լրագրողն իր բողոքը հետ վերցնի։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք պահանջում ենք.

- ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ անհապաղ վերանայել մոտեցումները եւ կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ եւ օբյեկտիվորեն քննելու այս քրեական գործը,

- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այս քրեական գործի նկատմամբ՝ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը խոչընդոտած ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Print Friendly and PDF