Freedom House-ի զեկույցում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում

Freedom House-ի կողմից հրապարակված «Համացանցի ազատությունը 2015-ին» զեկույցում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում:

Զեկույցը հրապարակվել է այսօր: Զեկույցի պատրաստմանը Հայաստանից մասնակցել է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ:

88 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ համարվելով ինտերնետի առումով ազատ երկիր: Հարևան Վրաստանը ևս ազատ երկրների թվում է՝ զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը: Մասնակի ազատ երկրների շարքում են հարևաններ Ադրբեջանը (56-րդ հորիզոնական) և Թուրքիան (58-րդ հորիզոնական): Իրանը 87-րդ հորիզոնականում է՝ որպես անազատ համացանց ունեցող երկիր:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում համացանցի հասանելիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակաբար բարելավվում է, դրական փոփոխություններ են գրանցվում նաև համացանցային ենթակառուցվածքներում և համեմատաբար սակավաթիվ  են առցանց բովանդակության նկատմամբ սահմանափակումները:  Բացի այդ, քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպություններն առցանց հաղորդակցման գործիքները կիրառում են տարածելու և կազմակերպելու տարբեր նախաձեռնություններ՝ քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացնելու նպատակով: Հետազոտության հեղինակները նշում են,  որ 2014 թվականի հունվարից որևէ բողոք չի եղել կառավարության կողմից համացանցային հասանելիության սահմանափակման կամ անջատումների վերաբերյալ:

Print Friendly and PDF