Վարպետաց դաս. «Մտածում ենք ստեղծագործաբար»

«Մտածում ենք ստեղծագործաբար» թեմայով առաջին վարպետաց դասերը, որոնք նախատեսված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար, տեղի կունենան նոյեմբերի 12-ին և 13-ին համապատասխան վարչական շրջաններում:

Դասընթացի նպատակն է օգնել աշակերտներին՝ զարգացնել ստեղծագործ մտածողությունը և առաջարկել համայնքային կյանքում դրական փոփոխությունների իրագործմանն ուղղված նորարար և հետաքրքրական գաղափարներ:

"Awesome" հիմնադրամի երևանյան մասնաճյուղի անդամներ Աննա Վասիլյանը և Հովհաննես Աղաջանյանը կհանդիպեն աշակերտների հետ, և տեսական և գործնական գիտելիքներ կփոխանցեն ստեղծարար մտածելակերպի վերաբերյալ:

Աննան և Հովհաննեսը կներկայացնեն` ի՞նչ է ստեղծարարությունը, ի՞նչպես են ստեղծարար գաղափարներն առաջանում, ի՞նչ քայլեր են դրանց համար անհրաժեշտ: Նրանք նաև հետաքրքիր օրինակներ կցուցադրեն, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն ասելիքը:

Դասընթացի տեսագրությունը հասանելի կլինի Pjc.am կայքում:

Աջափնյակում վարպետաց դասը տեղի կունենա Ռաֆայել Իշխանյանի անվան հ. 153 հիմնական դպրոցում (նոյեմբերի 12, ժամը 15:00), իսկ Դավթաշեն վարչական շրջանում վարպետաց դասը կիրականացվի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցում (նոյեմբերի 13, ժամը 15:00):

Վարպետաց դասերը տեղի են ունենում «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակում: 

Նախագիծն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

 

 

Print Friendly and PDF