Հեքըթոն[ՅԱՆ] Մանկություն 2015

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է «Հեքըթոն[ՅԱՆ] Մանկություն 2015» նորարարության և ծրագրավորման մրցույթը: Տարվա ամենահետաքրքիր ու նորարարական իրադարձությունը տեղի կունենա Վանաձորում դեկտեմբերի 12-13-ին: Թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ոլորտի մասնագետներին ու մենթորներին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող ծրագրի կամ հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

Ամենամյա Հեքըթոն[ՅԱՆ]-ը նրանց համար է, ովքեր

ունեն լավ թիմ,

ստեղծել են Հայաստանում առկա կամ համաշխարհային որևէ խնդրի նորարարական լուծում,

ցանկանում են հարստացնել ծրագրավորման իրենց գիտելիքները,

ցանկանում են հանդիպել նոր մարդկանց,

դեմ չեն անցկացնել 24 ժամ մեզ հետ հյուրընկալ Վանաձորում,

պատրաստ են հաղթել,

ցանկանում են ներգրավվել «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի մեջ ու ստանալ աջակցություն իրենց գաղափարը համաշխարհային մակարդակի ապրանքի վերածելու համար:

Հատուկ մրցանակ

Knight-Mozilla OpenNews հիմնադրամի կողմից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը աջակցող ամենահետաքրքիր գործիքի գաղափարի ու դեմո տարբերակի համար: 

Մրցույթի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, վարպետաց դասեր, որոնց ժամանակ հաջողակ հայկական սթարթափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց փորձն ու կկիսվեն գիտելիքներով նորեկների հետ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ընտրած երկու թիմ կմասկակցի Սթարթափ  աքսելերացիայի ծրագրին:

Երբ`դեկտեմբերի 12-13, 2015

Որտեղ`Ստեփան Զորյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոց, Վանաձոր

Մասնակցության պայմաններ`

2-5 հոգանոց թիմ

դյուրակիր համակարգիչների առկայություն

Ինչպես դիմել`

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցելու համար լրացրե´ք հայտը` նկարագրելով Ձեր նախագիծն ու լրացնելով թիմի մասին տվյալները հետևյալ հղմամբ` http://bit.ly/1HxPU2k: Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 4-ը:

Հավելյալ տեղեկության համար զանգահարե´ք մեզ` (010) 545 343 կամ (041/099) 545 343:

Կազմակերպիչները կհոգան Երևանից ու Գյումրիից թիմերի` Վանաձոր ու հետ տեղափոխման ծախսերը:

«Հեքըթոն[ՅԱՆ] Մանկություն 2015»-ը իրականացվում է Համաշխարհային բանկի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի ու Beeline Հայաստանի աջակցությամբ:

Ի՞նչ է Հեքըթոնը

Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: 32 թիմ` 150-ից ավելի երիտասարդ մասնակցեցին առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին 2011թ.: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում էր, և որպես արդյունքում հաջորդ Հեքըթոն[ՅԱՆ]-ը ներգրավեց 35 թիմ, իսկ «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»-ը, որն անցկացվեց Երևանի Զվարթնոց օդակայանում, արձանագրեց մեծ հաջողություն: Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ն անցկացվում էր Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և հնարավորություն էր տալիս Երևանից, Գյումրիից, Վանաձորից ու Իջևանից թիմերին ներկայացնելու իրենց գաղափարները:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի բոլոր հաղթող նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր:

Ի՞նչ ենք ակնկալում

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

 

Print Friendly and PDF