«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կմիավորի ստեղծարար երիտասարդների ամբողջ Հայաստանից

Նորարար գաղափարների և տեխնոլոգիաների ամենամյա Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթն այս տարի հոբելյանական է. 5-րդ Հեքըթոն [ՅԱՆ]-ը  կանցկացվի դեկտեմբերի 12-13-ը Վանաձոր քաղաքում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ  Հեքըթոն [ՅԱՆ]-ն այն միակ հնարավորությունն է, որտեղ կարողանում են ներգրավվել մասնակիցներ ոչ միայն գործող կազմակերպություններից, այլև` նորաստեղծ ընկերություններից, ինչպես նաև առանձին թիմերի, և արդյունքում ստանալ ոչ միայն գաղափարներ, այլև աշխատող պրոդուկտներ:

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը վստահ  է, որ Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթը, որը հայկականացվել  և տեղայնացվել է, իր յուրահատկությամբ արդեն դարձել է Հայաստանի ՏՏ էկոհամակարգի սպասելի մի միջոցառում: «Մենք ամեն տարի հենց ոլորտում գործող կամ ուսանող երիտասարդներից ենք ստանում խնդրանքներ/ հարցեր, թե երբ է լինելու այս տարվա Հեքըթոն [ՅԱՆ]-ը»:

Ինչպես նշում է ՄԻԿ Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը, այս տարի գրանցվել է դիմումների աննախադեպ քանակ. «70-ից ավելի սթարթափ թիմեր են դիմել մասնակցելու համար, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև`Վանաձորից, Գյումրուց, Գավառից, ինչպես նաև Իջևանից»:

Մրցույթի անկացումը Վանաձորում առանձնահատուկ է, քանի որ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Բագրատ Ենգիբարյանը համոզված է, որ  Հեքըթոնի անցկացումը Վանաձորում նոր նոր կյանք կտա Վանաձորի տեխնոլոգիական կյանքին: Նա կարևորում է Վանաձորում անցկացվող բազմաթիվ նախաձեռնությունների թվում մասնագետների պատրաստումը. «Հեքըթոնի անցկացումը Վանաձորում նոր թափ կտա Վանաձորի տեխնոլոգիական կյանքին, որովհետև  մասնագետները, որոնք մասնակցում են տարբեր դասընթացների ոչ միայն հնարավորություն կունենան սովորելու և որոշակի հմտություններ ձեռք բերելու, այլև` ստեղծելու իրեն արտադրանքը»:

ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը կարևորում է նմանատիպ միջոցառումները, որտեղ երիտասարդներն ունեն փորձի, գիտելիքների, գաղափարների փոխանակման հնարավորությունը:

«Ես վստահ եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա զարգացումը այստեղ` Հայաստանում, և ամբողջ աշխարհում նման երիտասարդների ձեռքերում է»,- նշում է նա:

Բագրատ Ենգիբարյանը նշում է նաև այս տարվա Հեքըթոն [ՅԱՆ]-ի մի նորություն մասին, այն է` Համաշխարհային բանկի աջակցությամբ  կհայտարարվի մի նոր մրցանակ, որը կոչվում է սոցիալական ներգրավվածություն. «Այսինքն կարող ենք տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ստեղծել միջավայր, որից կօգտվեն և որին կմասնակցեն մեծ քանակությամբ Հայաստանի բնակիչներ: Եվ այս հատուկ մրցանակը կտրվի այն թիմին, որը կառաջարկի հետաքրքրիր լուծում սոցիալական ներգրավածության ոլորտում»:

Ասուլիսի ընթացքում Սեդա Մուրադյանը, հիշեցնելով ասուլիսի անցկացման օրը` մարդու իրավունքների պաշտպանության օրը, ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը  մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտում բարեփոխումների հարցում: Նա նաև ներկայացրեց Հանրային լրագրության ակումբի կողմից շնորհվող մրցանակը, որը կտրվի հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դեմո տարբերակը մշակած թիմին: Մրցանակը տրամադրում է  ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Knight – Mozilla OpenNews հիմնադրամը:

Արտաշես Վարդանյանը նշեց, որ այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud-based solutions) առաջարկող թիմերին։

«Լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար»:

Նա հավելեց, որ Կենտրոնը պատրաստ է նաև թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում  վաճառելու համար։

Հեքըթոն [ՅԱՆ] մրցանակների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Print Friendly and PDF