Վանաձորում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը

Դեկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմի շնորհանդեսն ու ցուցահանդեսի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսի և ֆիլմի մարզային ցուցադրությունները շարունակական են լինելու: Հաջորդը կցուցադրվի Դեկտեմբերի 19-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: 

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

 

 

Print Friendly and PDF