Աջափնյակի և Դավթաշենի դպրոցականներն առաջարկում են համայնքը բարելավող գաղափարներ

Անհրապույր խաղահրապարակներ, բարելավման կարիք ունեցող աղբահանության համակարգ, անբարեկարգ տարածքներ և  կանաչապատման անհրաժեշտություն, տարեցների համար խնամքի և ժամանցի կենտրոնների պակաս, ոչ արդիական գրադարաններ և գրախանութներ, գերծանրաբեռնված հանրային տրանսպորտ և անցումների պակաս և այլն. ահա այն բազմաթիվ ու բազմազան խնդիրների մի մասը, որ նկատում են դպրոցականները իրենց համայնքում ու բարձրաձայնում այդ մտահոգությունները իրենց թղթակցություններում: Դպրոցականները նաեւ առաջարկում են համայնքային կյանքը բարելավելու, համայնքում փոփոխություններ նախաձեռնելու հետաքրքիր ու նոր գաղափարներ:

Նախագծի մասին համառոտ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան  ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբի» (ՀԼԱ) կողմից իրականացվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը մեկնարկել է  2015-ի հոկտեմբերին: Այն  միտված է Աջափնյակ և Դավթաշեն վարչական համայնքների պատանիներին՝ վերջիններիս հնարավորություն տալով նոր աչքերով դիտել իրենց  միջավայրը և նկատել համայնքում առկա խնդիրները, մտածել հնարավոր լուծումների մասին:  Վերջին մի քանի ամիսների ընթացքում նախագիծը նոր աշխուժություն մտցրեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 8-11-րդ դասարանի աշակերտների առօրյա՝ խթանելով նրանց հանրային ակտիվությունն ու ներգրավվածությունը:

Շուրջ 1000 պատանի ներգրավվեց նախագծում

Նախագծի մեկնարկին «Հանրային լրագրության ակումբի» աշխատակիցներ Արփինե Արզումանյանը և Գոհար Աքելյանը, հանդիպումներ ունենալով երկու համայնքների 20 դպրոցի շուրջ 1000 դպրոցականի հետ, առաջարկեցին մասնակցել նորարար գաղափարներ առաջարկող շարադրությունների մրցույթի, որի նպատակն է ներգրավել համայնքի երիտասարդ բնակիչներին համայնքում օգտակար փոփոխություններ առաջարկող նախագծերի աշխատանքներում:

«Ամեն համայնքից մեկական հաղթող գաղափար կընտրվի իրականացման համար: Դուք կարող եք ձեր համայնքում նորի կամ բարելավման նախաձեռնողը լինել և դրա համար մրցանակներ ստանալ», - դասարաններում հանդիպումների ժամանակ տեղեկացնում էին ՀԼԱ աշխատակիցները:

Դպրոցականների առջեւ խնդիր էր դրվել գրել իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։

Ձևաչափի անսովորությունը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում. գրանցվել Mynews.am կայքում և ինքնուրույն տեղադրել թղթակցություններ, դառնալ հանրային թղթակից, բարձրաձայնել իրենց մտահոգող տարբեր հարցեր: Այն, ինչի շուրջ նրանք կարող էին զրուցել միայն հարազատների կամ ընկերական, ու դպրոցական շրջանակներում, այժմ կարող էր դառնալ հանրային, հրապարակվել քաղաքացիական լրագրության համար նախատեսված Իմ լուրերը հարթակում:

Շարադրություն-առաջարկները կարող են գրվել ինչպես համահեղինակությամբ,  այնպես էլ առանձին-առանձին և, ընդ որում, միևնույն աշակերտը կարող է մի քանի շարադրություն-առաջարկ ներկայացնել:

Շարադրություններից առաջինը Իմ լուրերը հարթակում հրապարակվեց նոյեմբերի 11-ին:

Աստիճանաբար համայնքի դպրոցականները սկսեցին ակտիվ թղթակցել. մինչ փետրվարի 10-ը հրապարակվել է 46 առաջարկ-շարադրություն:

Թե՛ Աջափնյակ և թե՛ Դավթաշեն համայնքներում եղան մասնակիցներ, ովքեր երկու և ավելի գաղափար ներկայացրեցին. նրանց ակտիվությունը աննկատ չմնաց: ՀԼԱ կողմից դպրոցականները պարգևատրվեցին MyNews-ի տարբերանշանով տպագրված բացառիկ բաժակներով:

Շարադրությունները ընդունումը դեռևս ավարտված չէ. մրցույթին մասնակցելու համար գաղափարները MyNews.am կայքում կարելի է հրապարակել մինչ 2016-ի փետրվարի 29-ը:

Վարպետաց դասեր

Նախագծի շրջանակներում ամեն համայնքում երեքական վարպետաց դաս անցկացվեց, որոնց նպատակն էր առավել հետաքրքրված և շահագրգիռ մասնակիցների մոտ զարգացնել թղթակցելու հմտությունները, խթանել ստեղծարար մտածողությունը, բարձրացնել սեփական համայնքի համար պատասխանատու լինելու գիտակցումը: Մասնավորապես «Մտածում ենք ստեղծագործաբար», «Սովորում ենք թղթակցել», «Բացահայտում ենք ու բարձրաձայնում» խորագրերը կրող վարպետաց դասերին մասնակցեց շուրջ 140 աշակերտ Աջափնյակից և Դավթաշենից:

Մասնակցելով իրականացված վարպետաց դասերին՝ պատանիները ոգևորությամբ անցան գործի՝ գրանցվելով MyNews.am կայքում, հրապարակելով իրենց շարադրություն-առաջարկները և չմոռանալով կիրառել նաև մեդիա գործիքները: Անգամ ծավալուն տեսաֆիլմով հանդես գալու օրինակ գրանցվեց. ռեպորտաժի համահեղինակներ Էլենն ու Հասմիկը փորձել էին անդրադառնալ իրենց համայնքում առկա տարբեր խնդիրների, ինչպես նաև արտացոլել համայնքի բնակիչների կարծիքներն ու մտահոգությունները:  

Վարպետաց դասերը պատանիների համար նախապատրաստեցին և վարեցին «Awesome» հիմնադրամի երևանյան մասնաճյուղի անդամներ Աննա Վասիլյանը և Հովհաննես Աղաջանյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանը, «Հանրային լրագրության ակումբի» աշխատակից Փառանձեմ Ավագյանը։

Վարպետաց դասերի անցկացման գործընթացում կարևորվում էր հատկապես ավանդական դասապրոցեսից տարբերվող միջավայրի ապահովումը, նյութի՝ ստեղծարար և խաղային մեթոդներով մատուցումը:   

Հատկանշական է, որ այս հանդիպումների ընթացքում մասնակիցները ոչ միայն  ծանոթացան իրար, ձեռք բերեցին նոր գիտելիքներ և հմտություններ, կատարեցին գործնական առաջադրանքներ, ոգևորվեցին նոր գաղափարներով, այլև  սկսեցին մտածել կաղապարներից դուրս՝ իրենց շարադրություն-առաջարկների համար առկա խնդիրներից բացի նյութ դարձնելով  նաև նորարարական մոտեցումները: Այսպես օրինակ Դավթաշենից  Գևորգը  առաջարկեց իրենց համայնքի շենքերը գունազարդել հայտնի մարդկանց պատկերներով:  

Առաջին ձեռքբերումը և առաջին արձագանքը

Դպրոցականների թղթակցությունները արժանանում են համայնքի պատասխանատուների ուշադրությանը: Առաջին արձագանքը Դավթաշեն վարչական շրջանից Արփինե Մանասյանի և Մերիի Կարսյանի համահեղինակած նյութին է վերաբերում:

Արփինեն եւ Մերին բարձրացնում են կանգառներում կուտակվող և հետիոտներին խոչընդոտող տաքսիների հարցը:

MyNews.am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութի վերաբերյալ գրված իրենց մեկնաբանությունում Դավթաշենի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները խոստացան հարցին լուծում տալ:

Ակնկալվող արդյունքը. մրցանակներ

Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար կընտրվի աշակերտների ներկայացրած առաջարկներից մեկական լավագույնը: Ընտրված գաղափարների շուրջ կստեղծվեն իրականացնող խմբեր`դրանք կյանքի կոչելու համար: Նախագծի ավարտին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր վարչական շրջանում կիրականացվի մեկ գաղափար:

Ձեռնունայն չեն մնա նաև աչքի ընկնող աշխատանքներ հեղինակած, բայց հաղթողի կոչմանը չարժանացած մասնակիցները: Նախագիծը նախատեսում է խրախուսական մրցանակներ՝ «Լավագույն ստեղծագործական գաղափար», «Լավագույն շարադրանք», «Լավագույն համադրություն» անվանակարգերում: Մրցանակային ֆոնդը ներառում է`Էլեկտրոնային ընթերցիչ, Սթիվ Ջոբսի կենսագրականը ներկայացնող գիրք, iPod և այլ արժեքավոր մրցանակներ, որոնք, անշուշտ, էլ ավելի կխթանեն մեր դպրոցականների ստեղծարար և նորարար մտածողությանը, կմղեն նորանոր նախաձեռնությունների իրականացմանը:

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում։ 

Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

 

Print Friendly and PDF