Ավարտվեց Երևան-Անկարա նախագծի վերջին՝ աքսելերացիոն դասընթացի փուլը

«Երևան-Անկարա» նախագծի հիմնական փուլում ՏՀՏ ոլորտը ներկայացնող 20  ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին Անկարայում տեղի ունեցած քառօրյա աքսելերացիոն դասընթացին:

Չորս ամիս տևողությամբ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը մեկնարկել էր 2015թ.-ի հոկտեմբերին և ընթացել  երեք հիմնական փուլով՝ մասնակիցների ընտրություն, մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվություն, ինչպես նաև քառօրյա աքսելերացիոն դասընթաց Անկարայում և գաղափարների ներկայացում Երևանում:

Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) բաց մրցույթի միջոցով ընտրվեց 12 մասնակից Հայաստանից և 8 Թուրքիայից՝ Անկարայում աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար: Նախագծի նախապատրաստական փուլում հայաստանյան մասնակիցները հանդիպում ունեցան հայ-թուրքական հարաբերությունների գծով փորձագետներ Լուսինե Խառատյանի և Արտակ Այունցի հետ: Հանդիպումը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալ  ժամանակակից Թուրքիայի զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հաշտեցմանն ուղղված ջանքերին։

Այնուհետև դեկտեմբերի 7-ից հունվարի 22-ը հայաստանյան մասնակիցներն Անկարայի Viveka ինկուբացիոն կենտրոնի դասընթացավար Էմին Օկուտանի հետ առցանց հանդիպումների հնարավորություն ունեցան: Առցանց մենթորային խորհրդատվության նպատակն էր մասնակիցների կարիքների գնահատումը, նրանց բիզնես գաղափարների հետ ծանոթանալը և ըստ այդմ՝ քառօրյա աքսելերացիոն դասընթացի բովանդակության համապատասխանեցումը:

«Շատ օգտակար էր Էմինի հետ առցանց հանդիպումը։ Մենք քննարկեցինք իմ հավելվածը, որի ուղղությամբ աշխատում եմ, և Էմինը խոստացավ Անկարա այցելության ընթացքում հանդիպում կազմակերպել համանման գաղափար իրականացնող թուրքական կազմակերպության հետ», - նշում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի մասնակիցներից Հարություն Հարությունյանը։

«Քննարկումն օգնեց հասկանալ, որ ամբողջությամբ ճիշտ ուղու վրա չենք, և մեր գաղափարը վերանայելու կարիք կա», - հավելում է Շուշան Ասպատուրյանը։

Հունվարի 31-ից–փետրվարի 4-ը 12 հոգուց բաղկացած խումբը մեկնեց Անկարա՝ մասնակցելու քառօրյա ինտենսիվ դասընթացին: Հայաստանից ժամանած մագիստրանտներին, երիտասարդ շրջանավարտներին և սկսնակ ձեռներեցներին Անկարայում  միացան նաև Թուրքիայի ՏՀՏ ոլորտի 8 երիտասարդ ներկայացուցիչ: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ առանձին թեմայի, ինչպես օրինակ՝ Գաղափարի մշակում, Բիզնես մոդելի զարգացում, Ներդրողին գաղափարի ներկայացում, սթարթափ գաղափարների մարքեթինգ և այլն: Այն  մասնակիցներին հնարավորություն տվեց  խորացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել պրակտիկ հմտություններ՝ տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարների ձևավորման և իրականացման հիմնական փուլերի վերաբերյալ: Աքսելերացիոն դասընթացը վարեց Էմին Օկուտանը՝ իր հայաստանյան գործընկեր Նարինե Կոտիկյանի հետ միասին: Դասընթացի անցկացմանը օժանդակեցին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի առաջին փուլի մասնակից Evreka (Թուրքիա)  թիմի ներկայացուցիչները:

«Դասընթացը շատ օգտակար էր, քանի որ հիմնված էր դասընթացավարների՝ սթարթափների հետ աշխատելու անձնական փորձի վրա», - կարևորեց Կարլեն Մանասերյանը։

Ծրագիրը ներառում էր նաև ճանաչողական այցեր ՏՀՏ գերազանցության կենտրոններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ODTÜ տեխնորպարկ,  ԱՏՈՄ խաղերի ինկուբատոր, Bilkent սայբերպարկ և այլն:

«Ինձ շատ տպավորեց համալսարանական համակարգը, որում գիտական հետազոտության և դասավանդման հետ մեկտեղ համդրված է ձեռնարկատիրությունը», - ընդգծեց Վահագն Հովհաննիսյանը։

Մասնակիցներից Նարինե Հովհաննիսյանը նախագծի ավարտին նշեց․«Հատկապես օգտակար եմ համարում գործող սթարթափերի ու ձեռներեցների վարպետաց դասերը, քանի որ, օրինակ՝ «Growth Tower»-ից Էմրե Ֆադըլըօղլուն կամ «Էվրեկա»-ից Ումուտ Դումանը, իրենք անձամբ ունեցել են հաջողություններ ու ձախողումներ: Լսում ես նրանց ու հասկանում, որ այդ վայրիվերումները բնական են: Պետք է միայն իմանալ՝ ինչպես չհանձնվել ու սխալներից դաս քաղել»:

Հատկանշական է, որ տեսական գիտելիքներից բացի մասնակիցները հանդիպումների և կապեր հաստատելու հնարավորություն ունեցան իրենց ոլորտը ներկայացնող Թուրքիայի գործընկերների հետ։ Ինչպես օրինակ՝ ԱՏՈՄ խաղերի ինկուբատորում Արթուր Կարոյանը քննարկում ունեցավ MildMania-ն ներկայացնող Բուրկեյ Օզդեմիրի հետ՝ Let’s Twist խաղի զարգացման հնարավորությունների և իրենց հետագա համագործակցության շուրջ, Հարություն Հարությունյանը այցելեց ճանապարհատրրանսպորտային կարգավորումների համար ծրագրային ապահովումների թողարկմամբ զբաղվող ISSD (Integrated Systems & Systems Design) կազմակերպություն՝ քննարկելու միևնույն հարցին ուղղված իր սթարթափ գաղափարը և այն Հայաստանում ներդնելու հնարավորությունները և այլն։

Նախագիծն ավարտվեց մարտի 25-ին Երևանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում հայաստանյան մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց գաղափարները ներկայացնել հեղինակավոր ժյուրիին՝ կիրառելով դասընթացում սովորած հմտությունները: Ժյուրիի անդամներ Մարինա Մխիթարյանը՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի «Կոլբա Լաբ»-ի ղեկավար, Նարինե Կոտիկյանը՝ Մոնետիս, մարքեթինգի ղեկավար, Ջեմմա Իսրաելյանը՝ CEED Հայաստանի տնօրենը, Սամվել Մարտիրոսյանը՝ տեղեկատվության անվտանգության փորձագետ, գործադիր տնօրեն, Պավել Սնխչյան՝ Փոխնախագահ,  Sourcio, Աշոտ Արզումանյան՝ Գործընկեր, Գրանատուս Վենչրս, Վահե Թորոզյան՝ HitBits, Գլխավոր տնօրենը  իրենց դիտարկումներով և խորհուրդներով օգնեցին երիտասարդ ձեռներցներին բարելավել իրենց գաղափարը, ինչպես նաև այն ավելի լավ ներկայացնել:

Նախագիծն իրականացվեց Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի համագործակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Enterprise Incubator Foundation-ը, Union of  IT Enterprises-ը և Bet Construct-ը աջակցեցին Հայաստանում նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

Հանրային լրագրության ակումբ

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Print Friendly and PDF