Երիտասարդներն առաջարկում են տուրիզմի զարգացմանն ուղղված նորարարական լուծումներ

«Ինովացիոն-տուրիզմ» խորագրով առաջին Հեքըթոնի ընթացքում Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների զբոսաշրջությամբ հետաքրքրված, փոփոխությունների ձգտող և ոլորտի զարգացմամբ մտահոգ երիտասարդները 48 ժամվա ընթացքում մշակեցին և զարգացրեցին զբոսաշրջության ոլորտը խթանող, ոլորտի ներկայացրած ծառայությունները հասանելի և գրավիչ դարձնող 15 նորարար ՏՏ լուծումներ:

Ապրիլի 8-10-ը Ծաղկաձորի Սպորտ բազայում ընթացող տեխնոլոգիական և նորարարական միջոցառումը համախմբել էր մոտ 75 երիտասարդի, որոնք տեղում թիմեր կազմելուց և համատեղ իրենց նախագծերը մշակելուց հետո` մրցույթի ավարտին, դրանք ներկայացրեցին հեղինակավոր ժյուրիի դատին:

Մասնակիցների գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստեցին փորձառու մասնագետների ուղղորդումը և զուգահեռաբար ընթացող ոլորտին առնչվող դասընթացները:

Հեքըթոնի ժյուրին ներկայացված առաջարկներից ընտրեց լավագույն հինգ մտահղացումները` DeafX, ShareaBit, Toursquare, Extremeo, HomMy:

Հաղթող DeafX թիմը տեղայնացված վիդեոգիդերի տեսքով ինովացիոն լուծում էր առաջարկում լսողության խնդիրներ ունեցողների համար:

ShareaBit պլատֆորմը հնարավորություն կտա որևէ ոլորտում մասնագիտացված և բացառիկ փորձ ունեցողներին իրենց ճամփորդության ընթացքում գումար վաստակել` միևնույն ժամանակ փորձի փոխանակում կազմակերպելով:

Extremo հավելվածը, ֆիքսելով զբոսաշրջիկի տեղաշարժը, շարժի դինամիկան և հետագիծը, կյանքի կոչվելու դեպքում կապահովի էքստրեմալ տուրիզմով զբաղվող զբոսաշրջիկի անվտանգությունը:

Toursquare հավելվածը թույլ կտա զբոսաշրջիկին իր նախասիրություններին համապատասխան գտնել գիդ իր իսկ ցանկացած տարածաշրջանից և վայելել իր հանգիստը:

HomMy-ն հավակնում է դառնալ փոխանակման միջազգային ծրագիր, որը հնարավորություն կտա կազմակերպել տան, մեքենայի փոխադարձ փոխանակում:

Լավագույն հինգ թիմերի սերտիֆիկատների հանձնման արարողությունը տեղի կունենա «Ծրագրավորողների օրը»`մայիս ամսվա առաջին շաբաթ օրը, ինչպես նաև  կհայտարարվի, թե թիմերից որոնք ինչ հաջողությունների են հասել։

Նշենք նաև, որ Հեքըթոնի մասնակից AdLine, ShareaBit, Art360, Extremeo թիմերը հնարավորություն ստացան ներկայացնել իրենց գաղափարները «New Technology Education Fund»-ի և «Tecknology & Science Dynamics»-ի կողմից կազմակերպվող Երիտասարդ հետազոտողների Մերգելյան ակումբում:

Հեքըթոնի ժյուրիի կազմում էին` «New Technology Education Fund» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Վահան Հովսեփյանը, «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության» (UITE) գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյանը, «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն՝ Նունե Մանուկյանը, «SED systems» ընկերության համահիմնադիր Կարեն Սարգսյանը և «IDEA» հիմնադրամի տուրիստական ծրագրերի համակարգող՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը:

Միջոցառումն իրականացվեց «Երիտասարդ Ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ»-ի կողմից՝ Հանրային լրագրության ակումբի  հետ տեղեկատվական համագործակցությամբ:

Ինովացիոն-Տուրիզմ թեմայով առաջին «Հեքըթոն»-ի ընթացքը լուսաբանվում էր առցանց ուղիղ հեռարձակմամբ Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքով:

 

 

Print Friendly and PDF