Հայտնի կդառնան համայնքային կյանքի զարգացմանն ուղղված շարադրությունների մրցույթի հաղթողները

Ապրիլի  20-ին, ժամը 17:00-ին  Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի համայնքային կյանքի զարգացմանն ուղղված շարադրություն-առաջարկների մրցույթի մրցանակաբաշխությունը:

Հայտնի կդառնան աշակերտների ներկայացրած շարադրություն-առաջարկներից այն երկու լավագույն գաղափարները, որոնք, հաղթող համարվելով գլխավոր անվանակարգում, կիրագործվեն Դավթաշեն և Աջափյակ վարչական շրջաններում:

Մրցույթին ներգրավվել է մոտ 50 աշակերտ (Աջափնյակից և Դավթաշենից)՝ ներկայացնելով 65 շարադրություն-առաջարկ՝ ուղղված իրենց համայնքի բարելավմանը:

Մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր անվանակարգից բացի կներկայացվեն նաև խրախուսական «Լավագույն ստեղծագործական գաղափար», «Լավագույն շարադրանք», «Լավագույն համադրություն» անվանակարգերում հաղթող ճանաչված գաղափարները:

Մրցույթում հաղթող և հաղթանակի հավակնորդ բոլոր գաղափարների հեղինակներին կհանձնվեն մրցանակներ:

 «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Աջափնյակ և Դավթաշեն) դպրոցների աշակերտներին ներգրավել իրենց շրջանների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ

Նախագիծն իրականացնում է Հանրայինլրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

 

Print Friendly and PDF