Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում կիրագործվեն դպրոցականների առաջարկած համայնքային բարելավման ծրագրերը

Արդեն հայտնի են «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի մասնակից աշակերտների ներկայացրած շարադրություն-առաջարկներից երկու լավագույն գաղափարները, որոնք կիրագործվեն Դավթաշեն և Աջափյակ վարչական շրջաններում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:

Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում Դավթաշեն և Աջափնյակ համայնքների 8-11-րդ դասարանի աշակերտներն իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրի բարելավմանն ուղղված 65 թղթակցությունն էին ներբեռնել Հանրային լրագրության ակումբի mynews.am հարթակում՝ մասնակցելով շարադրություն առաջարկների մրցույթին: Մրցույթի վերջին փուլում առանձնացվել էին տարբեր անվանակարգերում  20 հավակնորդ շարադրություն-առաջարկներ, որոնք այնուհետև ներկայացվել էին յոթ հոգուց բաղկացած անկախ ժյուրիի քվեարկությանը հաղթողներին որոշելու համար: 

Ապրիլի 20-ին ՀԼԱ գրասենյակում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում  ներկայացվեցին մրցութի արդյունքները և տեղի ունեցավ պարգևների և պատվոգրերի հանձման արարողությունը:

«Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված լավագույն գաղափար» գլխավոր անվանակարգում հաղթող ճանաչվեցին մեկական գաղափար Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից:  Թիվ 108 միջնակարգ դպրոցի աշակերտ Լիանա Գրիգորյանի «Հոգ տանենք մեծահասակների մասին» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը և թիվ 93 միջնակարգ դպրոցի աշակերտ Արմինե Սարգսյանի «Բարելավեք մեր մանկությունը)))» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը ժյուրիի կողմից համարվել էին  լավագույնը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում համապատասխանաբար:

Լիանան իր շարադրության մեջ առաջարկում է դպրոցի բակում տեղադրել նստարաններ, որպեսզի ծնողները, տատիկները և պապիկները նստած սպասեն իրենց բալիկներին և թոռնիկներին: Այն, որ իր գաղափարն իրագործվելու է, շատ էր ոգևորել Լիանային.

«Չէի պատկերացնում, որ կհաղթեմ: Շատ հպարտ եմ, որ իմ գաղափարն իմ համայնքում իրականանալու է: Շատ տարիներ որ անցնեն, կքայլեմ այդ տարածքով և կհիշեմ, որ իմ նախաձեռնությամբ են նստարանները տեղադրվել»:

Մյուս իրագործվելիք գաղափարը Արմինեի ցանկությունն է, որ իրենց դպրոցի տարածքում փոքրիկ պուրակ հիմնվի.

«Ուրախ եմ, որ իմ համայնքում ինչ-որ բանով օգտակար եմ լինելու: Շատ ոգևորիչ է, որ դպրոցականներին հնարավորություն է տրվում դրական փոփոխություններ կատարել իրենց համայնքներում»:

Մրցույթի շրջանակներում առանձնացվել էր նաև 3 Խրախուսական անվանակարգեր, որտեղ հաղթող ճանաչվեցին հետևյալ շարադրությունների հեղինակները.

  1. «Լավագույն շարադրանք» անվանակարգում Մարգարիտա Կարախանյանի (Աջափնյակ վարչական շրջան) «Հրաշքների կենտրոն» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը:
  2. «Լավագույն համադրություն» անվանակարգում Գևորգ Հարոյանի (Դավթաշեն վարչական շրջան) «Դավթաշենը իմ պատկերացմամբ» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը:
  3. «Լավագույն ստեղծագործական գաղափար» անվանակարգում Խաչատուր Խաչատրյանի (Աջափնյակ վարչական շրջան) ««Անթումանյան» այգին» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն Ջեյք Գոշերթը և Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը մրցանակներ հանձնեցին այս գաղափարների հեղինակներին, ինչպես նաև  հավակնորդ բոլոր գաղափարների  հեղինակներին և հատուկ մրցանակների արժանացած դպրոցականներին:  Երեխաները ստացան ՝ տեսախցիկներ, ֆլիպ-տեսախցիկներ, գրքեր, mynews տարբերանշանով բաժակներ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն Ջեյք Գոշերթը, բարձր գնահատելով դպրոցականների դերը համայնքային զարգացման նախաձեռնություններում,  խորհուրդ տվեց դպրոցականներին իրենց համայնքներում խնդիրներ նկատելու դեպքում բողոքելուց բացի փորձել նաև լուծումներ որոնել և անգամ փոքր խնդիրների պարագայում հասցեագրել դրանք:

Մրցանակաբաշխությունն առցանց ուղիղ հեռարձակվում էր Հանրային լրագրության ակումբի youtube-յան ալիքով: Դիտեք տեսանյութն այստեղ:

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծն իրականացվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում:

Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

 

 

Print Friendly and PDF