Մայիսի 7-8-ը Հանրային լրագրության ակումբում տեղի կունենա «Համայնքային գաղափարից մինչև նախագծի իրականացում» խորագրով դասընթաց, որի շրջանակներում Աջափնյակ և Դավթաշեն համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ գործնական հմտություններ և գիտելիքներ համայնքային նախագծեր մշակելու և իրականացնելու ընդհանուր հիմունքների վերաբերյալ:
Դասընթացը կվարեն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, նախագծերի կառավարման մասնագետ Աստղիկ Գևորգյանը և ֆինանսների գծով մասնագետ Մարինա Այվազյանը:
Դասընթացին մասնակցելուց հետո աշակերտները ուղղակիորեն կներգրավվեն Դավթաշեն և Աջափնյակ համայնքներում իրականացվելիք նախագծերի իրականացման աշխատանքներում:
Դասընթացն իրականացվում է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի միջոցով: Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։