Աջափնյակի թիվ 108 դպրոցի բարեկարգված բակի պաշտոնական բացման արարողություն. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ Աջափնյակում իրագործվել է համայնքային բարելավման այս գաղափարը

Մայիսի 31-ին, ժամը 13:00-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 108 միջնակարգ դպրոցի բակում տեղի կունենա դպրոցի բարեկարգված բակի պաշտոնական բացման արարողությունը:

Դպրոցի բարեկարգված բակ ունենալու գաղափարը Աջափնյակի թիվ 108 միջնակարգ դպրոցի աշակերտ Լիանա Գրիգորյանը ներկայացրել է  Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շարադրությունների մրցույթին: Իր շարադրությունում Լիանան ընդգծել է դպրոցի բակում նստարաններ դնելու անհրաժեշտությունը, որպեսզի աշակերտներին սպասող ծնողները, տատիկները և պապիկները կարողանան նստել: Անկախ ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում Լիանայի գաղափարը հաղթող է ճանաչվել և իրականացվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:

Դպրոցի բակի պաշտոնական բացման արարողությանը ներկա կլինեն Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչներ, դպրոցի ղեկավարությունը, աշխատակիցներ Աջափնյակ վարչական շրջանից, ինչպես նաև՝ համայնքի բնակիչներ և աշակերտներ:

Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն, ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։ Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում:

Նախագծի շրջանակներում դպրոցականները ավելի քան 60 գաղափար-առաջարկ են տեղադրել mynews.am հանրային լրագրության հարթակում, որից 20-ը արժանացել է մրցանակների և պատվոգրերի տարբեր մրցանակային անվանակարգերում:

«Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող ճանաչված երկու գաղափարների իրագործումը ֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

 

Print Friendly and PDF