Ասուլիս. Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում իրագործվել են դպրոցականների առաջարկած համայնքային բարելավման գաղափարները

Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում աշակերտների կողմից առաջարկված համայնքային զարգացմանն ուղղված գաղափարներն իրագործվել են Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում:

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ նախագծի նպատակն էր աշակերտների մեջ զարգացնել այնպիսի գծեր, որ իրենք ոչ միայն տեսնեն իրենց համայնքի մեջ խնդիրներ, այլև վեր հանեն դրանք և լուծումներ տան:

Նախագծի շրջանակներում դպրոցականները ավելի քան 60 գաղափար-առաջարկ են տեղադրել mynews.am հանրային լրագրության հարթակում՝ մասնակցելով համայնքային կյանքի զարգացմանն ուղղված շարադրություն-առաջարկների մրցույթին:

«Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված լավագույն գաղափար» գլխավոր անվանակարգում հաղթող են ճանաչվել մեկական գաղափար Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից:  Թիվ 108 միջնակարգ դպրոցի աշակերտ Լիանա Գրիգորյանի «Հոգ տանենք մեծահասակների մասին» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը և թիվ 93 միջնակարգ դպրոցի աշակերտ Արմինե Սարգսյանի «Բարելավեք մեր մանկությունը)))» վերնագրմամբ շարադրություն-առաջարկը ժյուրիի կողմից համարվել են  լավագույնը և իրագործվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում համապատասխանաբար:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը ընդգծեց Դավթաշենում՝ Դավթաշեն գյուղում, և Աջափնյակում՝ Սիլիկյան թաղամասում՝ նախկին 3-րդ գյուղում, նախագծերի իրականացման կարևորության հանգամանքը. «Դրանք, կարծես, փոքրիկ համայնքներ են համայքների մեջ և, այդ տեսակետից, ավելի կոմպակտ են, և այդ վայրերում իրագործման օգտակարությունը բարձր է: Հաղթող գաղափարների ընտրությունը կատարել ենք՝ հաշվի առնելով ոչ միայն շահառուների համար օգտակարությունը, այլև գաղափարի իրագործման իրատեսականությունը, լավ  շարադրանքը»,- հավելեց նա:

Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված շարադրություն-առաջարկների մրցույթի հաղթող աշակերտ Արմինե Սարգսյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց իր գաղափարը. «Ես ապրում եմ Դավթաշեն վարչական շրջանում՝ նախկին Դավթաշեն գյուղում, և թեև մեր դպրոցի տարածքը շատ կանաչապատ է, սակայն մենք չունենք այնպիսի տարածք, որը կծառայի որպես խաղահրապարակ, և երեխաները այնտեղ կանցկացնեն իրենց ժամանակը, կզբոսնեն իրենց ծնողների հետ, և այդ պատճառով որոշեցի գրել այդ մասին և շատ ուրախ եմ, որ իմ գաղափարը հաղթող ճանաչվեց, և հենց հիմա մեր դպրոցի տարածքում կառուցվում է պուրակ-խաղահրապրակ»:

Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակից Արուս Աբգարյանը կարևորում է նախագծի իրականացումը վարչական շրջանի համար և նշում. «Աշակերտներն այլևս չեն կարող անտարբեր լինել իրենց շրջապատում խնդիրներին, որոնց բախվում են և, միանշանակ, առավել կարևոր է, որ իրենք իրենց առաջարկած գաղափարների իրագործումն են տեսնում, այս տեսանկյունից ծրագիրը մեծ նշանակություն ունի»:

Ասուլիսի ընթացքում իր հաղթած գաղափարի մասին պատմեց նաև Աջափնյակ վարչական շրջանի աշակերտ Լիանա Գրիգորյանը. «Վարպետաց դասից տուն գնալու ճանապարհին ես վերհիշեցի վարպետաց դասին ստացած հմտություններս, թե ինչպես նկատենք անգամ փոքր խնդիրները, որոնք կան համայնքում և ինչպես լուծենք դրանք: Եվ ես փաստեցի, որ մեր դպրոցի բակում չկան նստարաններ, և տատիկները, պապիկները, ծնողները կանգնած են սպասում իրենց բալիկներին, և տուն հասնելուն պես գրեցի «Հոգ տանենք մեծահասակների մասին» վերնագրմամբ շարադրությունը և անչափ ուրախ եմ, որ հենց իմ գաղափարն էլ հաղթող ճանաչվեց»:

Երևանի հ.108 միջնակարգ դպրոցի սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարիամ Զաքարյանը կարևորեց  աշակերտների մասնակցությունը  համայնքային կյանքի բարելավմանը, ինչպես նաև նրանց փորձը՝ առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու. « Եվս մեկ անգամ ամուր հիմքերի վրա դրվեց աշակերտություն-դպրոց-համայնք կապը»,- հավելեց նա:

Իրագործված գաղափարների բացման արարողությունները տեղի կունենան Աջափնյակ վարչական շրջանում մայիսի 31-ին, ժամը 13:00-ին և Դավթաշեն վարչական շրջանում հունիսի 1-ին, ժամը 12:00-ին:

Ծրագրի շարունակականությանն անդրադառնալով՝ Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը նշեց, որ կդիմեն տարբեր դրամաշնորհային ծրագրերի՝ այդ թվում կրկին Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհին, քանի որ փորձը ցույց տվեց,  որ այսպիսի նախագծի կարիք կա. երեխաների հետաքրքրությունը նմանատիպ աշխատանքներում ներգրավելու շատ մեծ է:

Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի նպատակն էր Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն, ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

Արփինե Արզումանյան, Մեդիա կենտրոն ծրագրի կայքի խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

Print Friendly and PDF