Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում տեղի ունեցան դպրոցականների առաջարկած համայնքային բարելավման ծրագրերի պաշտոնական բացման արարողությունները. ամփոփվեց «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 108 դպրոցի աշակերտ Լիանա Գրիգորյանի ցանկությունը՝ դպրոցի բակում նստարաններ տեղադրելու, ինչպես նաև Դավթաշեն  վարչական շրջանից 93 դպրոցի աշակերտ Արմինե Սարգսյանի առաջարկը՝ Դավթաշենի գյուղում պուրակ-խաղահրապարակ կառուցելու, արդեն իրականություն  է:

Աշակերտների կողմից առաջարկված գաղափարների իրագործումը «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի բաղադրիչ մասն էր կազմում, որն իրականացվում էր Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում տեղի ունեցան դպրոցականների կողմից առաջարկված և արդեն իրագործված համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի պաշտոնական բացման արարողությունները:

Մայիսի 31-ին Աջափնյակ վարչական շրջանում 108 դպրոցի բակում նստարանների տեղադրման բացման հանդիսավոր մեկնարկից հետո՝ հաղթող գաղափարի հեղինակ Լիանա Գրիգորյանը իր ընկերների հետ միասին կտրեց դպրոցի բակում տեղադրված 8 նստարանների կարմիր ժապավենները:  

«Մեր դպրոցի բակում չկային նստարաններ, ես փաստեցի, որ տատիկները, պապիկները, ծնողները կանգնած են սպասում իրենց բալիկներին, և գրեցի «Հոգ տանենք մեծահասակների մասին» վերնագրմամբ շարադրությունը և անչափ ուրախ եմ, որ հենց իմ գաղափարն էլ հաղթող ճանաչվեց»,- միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց Լիանա Գրիգորյանը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի դրամաշնորհների ղեկավար Լիանա Սահակյանը, ով ողջունեց նախագծի իրականացումը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը, 108 դպրոցի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը, Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը:

Միջոցառման կազմակերպիչները կարևորեցին ոչ միայն դպրոցի բակում անհրաժեշտ նստարանների տեղադրումը, այլև, մասնավորապես, աշակերտի կողմից այդ խնդրի բարձրաձայնումը և լուծման առաջարկով հանդես գալը:

Հունիսի 1-ին Դավթաշեն գյուղի թիվ 93 դպրոցում իրականացվեց Դավթաշեն վարչական շրջանից հաղթող գաղափարի հեղինակ Արմինե Սարգսյանի առաջարկով՝ պուրակ-խաղահրապարակի կառուցման բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառման պաշտոնական մեկնարկը տալով՝ Արմինեն անդրադարձավ պուրակի ստեղծման կարևորությանը. «Մենք չունեինք այնպիսի տարածք, որը կծառայեր որպես խաղահրապարակ, և երեխաները այնտեղ կանցկացնեին իրենց ժամանակը, կզբոսնեին իրենց ծնողների հետ: Այդ պատճառով որոշեցի գրել այդ մասին, բարձրաձայնել իմ համայնքի խնդիրը, և շատ ուրախ եմ, որ իմ գաղափարը հաղթող ճանաչվեց և մեր դպրոցի տարածքում կառուցվեց պուրակ-խաղահրապրակ»:

93 դպրոցի տնօրեն Արմեն Թորոսյանը՝ շնորհավորելով երեխաների պաշտապանության միջազգային տոնը՝ կարևորեց դպրոցի բակում պուրակ-խաղահրապարակի կառուցումը և դրանում բոլոր ներգրավված կառույցների և անձանց մասնակցությունը:

Միջոցառմանը ներկա էին Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլին, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, ինչպես նաև վարչական շրջանի դպրոցներից ներկայացուցիչներ, ծնողներ, երեխաներ:

«Վստահ եմ, որ Արմինեն և մյուս աշակերտները Հանրային լրագրության ակումբի ծրագրի շրջանակներում ձեռք բերած հմտությունների միջոցով կշարունակեն իրենց հետագա ներդրումը բերել Հայաստանում՝ ապահովելով պայծառ ու բարեկեցիկ ապագա»,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլին:

Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, կարևորելով նախագծի իրականացումը, ողջունեց աշակերտների՝ գաղափարներով և առաջարկներով հանդես գալը: «Հիշե՛ք, միշտ կգտնվի մեկը, ով կաջակցի ձեզ ձեր գաղափարի իրականացմանը»,- հավելեց վարչական շրջանի ղեկավարը:

«Երեխաների պաշտպանությունը մեզ համար չի սկսվում եւ ավարտվում  Հունիսի 1-ով: Հենց այդ պատճառով էլ մենք մեր կազմակերպության թիմով նախաձեռնել ենք այս նախագիծը, որի ընթացքում մենք խթանել ենք  դպրոցահասակ երեխաների շրջանում նախաձեռնողականություն,  ստեղծագործականություն եւ ազատ արտահայտվելու ու համայնքի խնդիրները ազատորեն վեր հանելու ունակությունները: Ազատ արտահայտվող,  համայնքի նկատմամբ հոգատար եւ նախաձեռնող երեխան նաեւ պատրաստ կլինի սեփական  իրավունքները պաշտպանել ու  հոգ տանել նաեւ այլոց վերաբերյալ: Խաղահրապարակ ու մեծահասակների համար հարմարավետ սպասելավայր ստեղծելու ցանկությունը դրա ապացույցներից մեկն է: Ես հավատացած եմ որ այս գեղեցիկ միջավայրը բաց է լինելու նաեւ ողջ համայնքի համար»,- նշեց Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը:

ՀԼԱ ղեկավարը հավելեց նաեւ, որ կազմակերպությունը հույս ունի շարունակել այս ծրագիրը` Երեւանի այլ համայնքներում նույնպես:

93 դպրոցի աշակերտները ֆլեշմոբ-պարով ողջունեցին հյուրերին և ուղղորդեցին դեպի խաղահրապարակ, որտեղ հաղթող գաղափարի հեղինակ Արմինեն կտրեց խաղահրապարակի կարմիր ժապավենները:

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք փոխել և զարգացնել մեր համայնքը»,- միջոցառման ավարտին հայտնեցին աշակերտները:

ԱՄՆ դեսապանատան կողմից Հանրային լրագրության ակումբը միջոցառմանը մասնակից երեխաներին նվիրեց ճանաչողական բնույթի գրքեր:

Դավթաշեն վարչական շրջանում պուրակ-խաղահրապարակի կառուցման համար տեղադրվել է 6 տեսակի խաղային սարք՝ աշտարակ, ճոճանակներ, սղարան, փորձիր անվանումով թունել, խաղահարթակ, ինչպես նաև տուաներ, սպիտակ ծաղկե թփեր և մեկ աղբաման:

Աջափնյակ վարչական շրջանում մեծահասակների համար սպասելավայր ստեղծելու համար 108 դպրոցի բակում տեղադրվել է 8 հատ երկու տեսակի նստարան, երկու աղբաման, ինչպես նաև ծաղիկներ:

Աշակերտների կողմից առաջարկված գաղափարների իրագործումով և բացման արարողություններով ամփոփվեց 8-ամսյա տևողությամբ «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը:

Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի նպատակն էր Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն, ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

 

Print Friendly and PDF