Sevan Startup Battle-ում $5000 մրցանակին արժանացավ Skycryptor ընկերությունը

Oգոստոսի 21-ին Սևանի ազգային պարկում տեղի ունեցավ Sevan Startup Battle-ը, որը Sevan Startup Summit տեխնոլոգիական ճամբարի բաղկացուցիչ և կարևոր մասն էր կազմում:

Յոթօրյա տեխնոլոգիական, վրանային ճամբարը մեկնարկել էր օգոստոսի 18-ին:

Sevan Startup Battle մրցույթի շրջանակներում նախնական փուլում (early stage) գտնվող 10 ստարտափ հնարավորություն ուներ պայքարելու $5000 մրցանակի համար:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ 10 ստարտափից լավագույնը ճանաչվեց և մրցանակի արժանացավ Skycryptor ընկերությունը:

«Skycryptor-ը հավելյալ ծառայություն է ամպային համակարգերի համար, որն ապահովում է անվտանգության շերտ: Խնդիրն այն է, որ ամբողջ ինֆորմացիան, որ պահում ենք ամպային համակարգերում, հասանելի են դառնում հենց ծառայություն մատուցող ընկերություններին: Skycryptor-ն օգնում է օգտագործողին գաղտնագրել ֆայլերը, մինչ դրանց ամպային տիրույթում հայտնվելը»- պատմում  է Skycryptor ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանը:

Sevan Startup Summit յոթօրյա վրանային համաժողովի կազմակերպիչն է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը: Ինչպես նշում են կազմակերպիչները՝ բացի բուն մրցույթից և մրցանակներից, միջոցառումն իրենից ներկայացնում է կրթական և հանգստի մի ամբողջություն:

«Ավելի քան 30 սթարթափ թիմ, որ իրենցից ներկայացնում են 150 մասնակիցներ, ունեն հնարավորություն 7 օրվա ընթացքում զրուցել ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, տարբեր կազմակերպությունների հաջողակ պատմություններին ծանոթանալ, ինչպես նաև լսել դասախոսություններ, որոնք ոչ միայն օգտակար կլինեն իրենց այս սթարթափի զարգացմանը, այլ ընդհանրապես սթարթափ կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ընթացքում»,- նշում է Startup Armenia հիմնադրամի ուսումնական ծրագրերի համակարգող Հովհաննես Երիցյանը:

Միջոցառման կազմակերպիչները փաստում են, որ մինչ այս Հայաստանում չի եղել մի դեպք, որ համադրվի ակտիվ, քաղաքից դուրս հանգիստը և ստարտափ ոլորտին նվիրված նմանատիպ միջոցառումը:

Granatus ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանը, ով նաև ժյուրիի կազմում էր, կարևորում է նախաձեռնությունը և՛ ֆորմատի առումով, և՛ բովանդակության. «Առաջին անգամ է, որ Հայաստանում այս բնագավառում ճամբարային ֆորմատ ենք իրականացնում: Բովանդակության առումով՝ այն ուղղված է ձեռնարկատիրության զարգացմանը, մասնավորապես սկսնակ ձեռնարկատերերին հնարավորություն տալ՝ հասնելու ֆինանսավորման այն հաջորդ փուլերին, որոնցից մեկը օրինակ վենչուրային ֆինանսավորումն է...: Հիմնական գաղափարն այն է, որ մասնակիցներին տանք այն գիտելիքները, այն հնարավորությունները, որ թույլ կտան իրենց աճել»:

«Այս միջոցառումը լավ առիթ էր, որ բոլորին հավաքի մի հարկի տակ, և հատկապես նոր սկսող ձեռներեցներին, ովքեր ունեն նոր գաղափարներ, նրանց հնարավորություն տալ ծանոթանալու, շփվելու միմյանց հետ, ինչու չէ նաև ոլորտի մասնագետների, հաջողված ձեռներեցների հետ, իրենց նախագծերի վերաբերյալ ստանալու նրանից խորհուրդներ և մեկնաբանություններ հետագա զարգացման համար»,- ասում է ՄԻԿ տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Sevan Startup Summit յոթօրյա տեխնոլոգիական ճամբարը մեկնարկել էր  օգոստոսի 18-ին և տևելու է մինչ օգոստոսի 24-ը՝ ներառելով մասնագիտական հանդիպումներ, դասընթացներ, մրցույթներ, ժամանցային միջոցառումներ:

​ՄԻԿ տնօրեն Արտաշես Վարդանյանը հնչեցնում է մի քանի խորհուրդ՝ ուղղված երիտասարդ ՏՏ ոլորտի մասնագետներին: «1-ին խորհուրդը՝ պետք չէ անել ստարտափ ուղղակի անելու համար՝ որպես հոբբի, 2-րդ խորհուրդը՝ պետք է ելնել իրական կյանքի խնդիրներից, ոչ թե փորձել լուծել արհեստական խնդիրներ, 3-րդ խորհուրդը՝ լինել կենտրոնացած, և ընդունել ու վերանայել կարծիքներ և 4-րդ խուրհուրդը՝ ունենալ փորձ և սիրել այն, ինչ անում ես»:

Startup Armenia հիմնադրամի ուսումնական ծրագրերի համակարգող Հովհաննես Երիցյանը հույս է հայտնում, որ միջոցառումը կդառնա ամենամյա և իր օգուտները կբերի ստարտափ էկոհամակարգին:

Հանրային լրագրության ակումբը Sevan Startup Summit յոթօրյա տեխնոլոգիական ճամբարի տեղեկատվական աջակիցն է:

 

 

 

Print Friendly and PDF