Energy Talks. Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում

 

           

 

Energy Talks. Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում

ԵՄ-ի Էներգախնայողության օրերը Հայաստանում

#EU4EnergyARM

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-12:30-ին ՀԲԸՄ գրասենյակում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ) տեղի կունենա «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով հանրային քննարկում՝ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը:

«Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի ԵՄ-ի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտին ուղղված գործողություններին, ՀՀ կառավարության՝ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման մոտեցմանը, բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության ու էներգախնայողության հարցերին, դրանցում ներդրումներ կատարելու համար առկա մարտահրավերներին:

Կքննարկվեն նաեւ քաղաքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանները, կներկայացվի Ազգային հիպոթեքային ընկերության, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի փորձը:

Քննարկման բանախոսներն են՝

  • Արմեն Ղուլարյան, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար,
  • Հոա-Բին Աջեմյան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար,
  • Հայկ Բադալյան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ,
  • Լուիզա Վարդանյան, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն,
  • Արտեմ Խարազյան, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ,
  • Հայկ Ոսկանյան, Ազգային հիպոթեքային ընկերության գործադիր տնօրեն:

Քննարկումն առցանց ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am-ում:

Լրագրողները հնարավորություն կունենան առանձին հարցազրույցներ անցկացնել բանախոսների հետ միջոցառման վերջում:  

Քննարկման ժամանակ կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Քննարկման օրակարգը հասանելի է այստեղ:

Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30 %-ից ավելին,  ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների կողմից:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 5200 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.habitat.am կայք:

Հանրային լրագրության ակումբը միջոցառման տեղեկատվական աջակիցն է:

 

 

Print Friendly and PDF