Հայաստանի պատվիրակությունը պատրաստվում է «StartupIstanbul»-ին


Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցությանհմտություններ. Հայաստանի պատվիրակությունը  պատրաստվում է«StartupIstanbul»-ին


Դասընթաց

Սեպտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցել պատրաստվող Հայաստանի ՏՀՏ ոլորտի 10 սթարթափերի ներկայացուցիչների համար անցկացրեց Բիզնեսբանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ ուղղվածությամբ նախապատրաստական դասընթաց:


Դասընթացի առաջին մասում մասնակիցները ծանոթացան Թուրքիայի մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին, քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործընթացը, առկա խնդիրները, որոնք ներկայացրեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Մասնակիցները հանդիպեցին նաև կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ, ով անդրադառցավ կոնֆլիկտների կարգավորման տարբեր մոդելներին, մասնավորապես՝ քննարկելով հայ-թուրքական օրինակը: Հանդիպման ընթացքում անցկացվեց նաև սիմուլացիոն խաղ և քննարկում:

Դասընթացի երկրորդ մասում «ԼեգալԼաբ» իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր-բաժնետեր Ստեփան Խզրթյանի օգնությամբ սթարթափերի ներկայացուցիչները ձեռք բերեցին գործնական հմտություններ՝ բիզնես միջավայրում հմուտ բանակցություններ վարելու վերաբերյալ:

Ինչպես բանակցել տարբեր երկրների բիզնես միջավայրեր ներկայացնող ներդրողների հետ, ինչպես գրավել ներդրողների ուշադրությունը, ինչպես կայուն գործարար կապեր հաստատել այլ ձեռնարկատերերի ու սթարթափ միջավայրի ներկայացուցիչների հետ, ինչպես լինել հիշվող եւ տպավորիչ, ինչպես արդյունավետ օգտագործել կարճ ժամանակահատվածը՝ սթարթափը գրավիչ ներկայացնելու համար, ինչպես կազմակերպել բիզնես հանդիպումները, որոնք են բիզնես հանդիպումների եւ բանակցությունների կարելի եւ չիկարելիները: Այս եւ բանակցություններին վերաբերող մի շարք այլ հարցեր քննարկվեցին դասընթացի ժամանակ:

Սեպտեմբերի 17-ին հոկտեմբերի 6-10-ը տեղի ունենալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին Հայաստանից մասնակցող պատվիրակությունում ընդգրկված 10-ը սթարթափերի ներկայացուցիչները մասնակցել են նախապատրաստական դասընթացի առաջին փուլին, որը նպատակ ուներ զարգացնել  սթարթափի գաղափարը ներդրողներին ներկայացնելու հմտությունները:

Հայաստանյան պատվիրակության անդամները ներկայացնում են տարբեր սթարթափ նախագծեր. խաղերի ծրագրավորում, «խելացի» տան կառավարման համակարգեր, օգտատերերի տվյալների անվտանգություն, հերթագրման ավտոմատացված համակարգեր և այլն:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից  միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը, իսկ նրանցից լավագույն 15-ը հնարավորություն կունենան բեմից ելույթ ունենալ 4000-ից ավելի մասնակից ունեցող լասարանի առջև: Այդ 500 սթարթափերի շարքում են նաեւ Հայաստանյան 10-ը ընկերությունները, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի համակարգմամբ, «ԱջակցությունՀայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի Ձեռներեցների փոխայցելություն նախագծի շրջանակներում:
 
Հայաստանը ներկայացնող սթարթափերը միջոցառման ընթացքում կմասնակցեն նաև Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով ոչ միայն սեփական ընկերությունը, այլ նաև Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը, ինչպես նաեւ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագիրը:
 
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ի ապրիլին, տևողությունն է տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները կիրականացվեն տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը կտրամադրի ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կիրականացվեն զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը: 

Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը կշարունակի դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը՝, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը: 

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել info@armenia-turkey.net հասցեով:


 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»
ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
www.armenia-turkey.net
 

 

Print Friendly and PDF