Վայքի և Սպիտակի աշակերտները տեղեկացան էներգախնայողության ձևերին և առաջարկեցին նորարար լուծումներ

 

 

ԵՄ-ի Էներգախնայողության օրերը Հայաստանում

#EU4EnergyARM

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել հնարավորինս ավելի քիչ էներգիա ծախսել մեր կարիքները հոգալու համար»,- ասում է Վայքի  15-ամյա աշակերտ Էլյա Գասպարյանը:

Էլյան և իր հասակակից աշակերտները Վայքից և Սպիտակից սեպտեմբերի 27-ին ժամանել էին Երևան` մասնակցելու էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի թեմաների շուրջ  ուսուցողական դասընթացի: Այն նախաձեռնել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում միանալով ԵՄ-ի էներգախնայողության օրերին:  

Էլյան պատմում է, որ դասընթացի ընթացքում սովորել է, որ օրինակ՝ արևից ստացվող էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, վնաս չի հասցնում բնությանը և ավելի քիչ ծախսեր է պահանջում:

15-ամյա Հարութ Հովհաննիսյանն էլ, շարունակելով Էլյայի միտքը, նշում է, որ երբ անհրաժեշտ է գիրք կարդալ, որի համար լույս է պետք, կարող ենք նստել պատուհանի մոտ և օգտվել արևի լույսից, ոչ թե այնպիսի սենյակում, որը մութ է և արհեստական լույսի անհրաժետություն կա:

Երիտասարդ ինժեներների ասոցիացիայի ներկայացուցիչներ Հովհաննես Կարապետյանը  և Հունան Հովակիմյանը դասընթացի ընթացքում աշակերտներին փոխանցում էին գիտելիքներ, թե ի՞նչ է էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, որո՞նք են այլընտրանքային էներգիայի տեսակները և դրանց կիրառման ձևերը, ինչպե՞ս մեր վարքը դարձնել էներգախնայող, ինչպե՞ս նվազեցնել տան ջեռուցման, հովացման և լուսավորության ծախսերը:

Աշակերտները ստացած գիտելիքները պետք է դասընթացի ավարտից հետո կիրառության դնեին` առաջարկելով նորարար գաղափարներ էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնման ուղղությամբ:

Դասընթացի մեկնարկին ներկա էր Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, որն իր ողջույնի խոսքում աշակերտներին ասաց, որ պետք է  լուրջ վերաբերվել էներգախնայողության և վերականգնվող էներգիայի խնդիրներին: «Մենք արդեն իսկ Սպիտակում իրականացնում ենք աշխատանքներ՝ մեր շենքերի ջերմամեկուսացման ուղղությամբ: Փորձում ենք խնայողաբար օգտագործել էներգիան, ավելի քիչ ծախսել՝ էներգիա ստանալու համար և կրճատել
ջերմոցային գազերի արտանետումը»:

Վայքի 17-ամյա աշակերտ Լիլիթն էլ պատրաստվում է այսուհետ ատամները լվանալիս ջուրը փակել՝ նշելով, որ ջուրը տաքացնելու համար էներգիա են ծախսում. այդպես ավելի քիչ կծախսեն:

Սպիտակի  15-ամյա աշակերտ Մարիետա Բաղդասարյանը պատմում է, որ մինչ այժմ իրենց տանը շիկացման լամպեր էին օգտագործում, որը և' ծախսատար է, և' ցածր արդյունավետություն ունի, նաև բնությանն է վնաս հասցնում: Դասընթացի ընթացքում որոշել է՝ արդեն պետք է օգտագործեն լուսադիոդային լամպեր, որոնք և' ավելի խնայող են, և’ ավելի քիչ վնասակար:

Սպիտակից 16-ամյա Անի Դանիելյանի համար հետաքրքիր նորությունն այն էր, որ հնարավոր է նաև գոմաղբից էներգիա ստանալ: Էներգախնայողությանն անդրադառնալով` ասում է, որ եթե կարիքը չկա, ապա լույսը չպետք է միացրած թողնել, ջուրը երկար բաց թողնել:

16-ամյա Ռաֆիկ Թումանյանն էլ նպատակահարմար է համարում, որ առօրյայում օգտագործվեն արևային մարտկոցներ՝ էներգիա ստանալու համար. «Իսկ մեծ ծավալի էներգիա ստանալու համար պետք է օգտվենք հողմաղացներից, ջրէկներից»:

Դասընթացի ավարտից հետո աշակերտները բաժանվեցին խմբերի և վերոնշյալ թեմաներով անիմացիոն/վիդեո հոլովակի գաղափարներ մշակեցին և ներկայացրին ժյուրիին:

Աշակերտների առաջարկած գաղափարները հիմնականում վերաբերում էին կենցաղում էներգախնայողության ձևերին և «կանաչ ապագա» ունենալու հնարավորություններին:

Ժյուրին առաջիկա օրերին կընտրի նպատակահարմար գաղափարը, որի հիման վրա կպատրաստվի անիմացիոն/վիդեո հոլովակ:

Հոլովակի պատրաստման հարցում կաջակցի «Մանանա» երիտասարդական կենտրոնը՝ ընդգրկելով նաև աշակերտներին:

Պատրաստ լինելուն պես այն հասանելի կդառնա հանրությանը՝ նպատակ թեմայի վերաբերյալ ուսուցանում և իրազեկում իրականացնել:

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների կողմից:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 5100 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.habitat.am կայք:

Հանրային լրագրության ակումբը միջոցառման տեղեկատվական աջակիցն է:

 

 

Print Friendly and PDF