Energy Talks. Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում

 

 

 

 

Energy Talks. Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում

ԵՄ-ի Էներգախնայողության օրերը Հայաստանում

#EU4EnergyARM

Ամբողջ շենքի ջերմամեկուսացման պարագայում գրանցվում է մինչև 60% էներգիայի խնայողություն:  Հատուկ ծրագրային լուծումների շնորհիվ ընտանիքներն ավելի քիչ կվճարեն և կբարելավեն իրենց ընտանեկան բյուջեն: Այս մասին նշեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, սեպտեմբերի 26-ին ՀԲԸՄ գրասենյակում տեղի ունեցած «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով հանրային քննարկման ժամանակ: Քննարկումը նախաձեռնել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում միանալով ԵՄ-ի Էներգախնայողության օրերին:

2014 թ.-ի մարտին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի կողմից իրականացված  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված ընտանիքների  51%-ն իրենց եկամտի 25-50%-ը ծախսում են կոմունալ վճարների վրա: Հարցվողների 66%-ը կազմել են այն ընտանիքները, որոնց եկամուտը ամսական կազմում է մինչև 150.000 դրամ:

Այս ամենը հաշվի առնելով,  ինչպես նաև կարևորելով էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը՝ Հաբիթաթ Արմենիան սկսել է իրականացնել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ համագործակցելով համատիրությունների, ֆինանսական հաստատությունների, քաղաքապետարանների, Հայաստանի քաղաքաշինության նախարարության և միջազգային կառույցների հետ:

«Կրճատելով էներգիայի սպառումը՝ ավելի քիչ կախված կլինենք տեղական և ներկրվող էներգակիրներից, կկրճատվեն նաև ջերմոցային գազերի արտանետումները, որն, իհարկե, գլոբալ տաքացման պատճառն է»,- ընդգծեց Լուիզա Վարդանյանը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի կողմից իրականացվող ծրագրերն առաջարկում են փոքրածավալ միջոցառումներ, որոնք են աստիճանավանդակներում պատուհանների տեղադրում, տանիքի ջերմամեկուսացում, շենքի մասնակի ջերմամեկուսացում և այլն: Երևան քաղաքում մինչ օրս սպասարկվել են 10 բազմաբնակարան շենք՝ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրի շրջանակում, իսկ Վայք և Սպիտակ քաղաքներում մոտ 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար  պարտավորություն ունեն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը քննարկման ժամանակ նշեց. «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու ԵՄ-ի հանձնառության հիմքում են: Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի խթանիչներ էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար, և Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին` ապահովելու համար Հայաստանի կողմից արդյունավետ և անկախ կերպով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը»:

Էներգախնայողության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության մոտեցումները ներկայացրեց քննարկման բանախոս, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը. «Փորձը ցույց տվեց, որ կամավոր սկզբունքներով էներգաարդյունավետությունը՝ մասնավորապես բազմաբնակարան շենքերում, այդքան էլ արդյունավետ չէ: Մենք նախաձեռնեցինք էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ: Արդյունքում նոր կառուցվող, վերակառուցվող, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի համար պարտադիր պահանջներ սահմանեցինք այդ օրենքում»

2016 թ.-ի մայիսին օրենքն ընդունվել է, հունիսի 8-ից հետո դրվել է գործողության մեջ: Պարտադիր պահանջներն իրականացնելու համար մշակվել է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության պարտադիր պահանջների տեխնիկական կանոնակարգ, քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ և ներկացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, այժմ այն գտնվում է ՀՀ կառավարության քննարկման փուլում:

Լուիզա Վարդանյանը նշեց, որ պետք է էներգախնայող վարքագիծ կիրառել, օգտագործել կենցաղային տեխնիկա, որոնք իրենց պիտակավորումով էներգախնայող են, ինչպես նաև բարելավել բնակարանային պայմանները՝ կատարելով արտաքին պատերի,  ձեղնահարկի ջերմամեկուսացում: Իսկ ֆինանսների առկայության դեպքում նաև տեղադրել արևային ջրատաքացուցիչ և արևային ֆոտովոլտայիկ վահանակներ:

Քննարկման բանախոսներն ուշադրություն հրավիրեցին նաև էներգախնայողության վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկման խնդրին:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կատարած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածներից 36%-ն է միայն տեղյակ էներգաարդյունավետությունից և էներգախնայողությունից:

«Հանրային իրազեկման համակարգված բնույթը շատ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց Ազգային հիպոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն իրականացնում է բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Օրինակ՝ ՎԱԷՀՔ ծրագրի շրջանակում հիմնադրամը պարտավորություն ունի Վայքում և Սպիտակում տարեկան  4 անգամ կազմակերպել Գիտելիքների փոխանակման ֆորումներ՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները, էներգախնայողության արդյունքները և պրակտիկ խորհուրդներ:  

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:   

Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30%-ից ավելին,  ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ ոլորտում բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների կողմից:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 5200 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.habitat.am կայք:

Հանրային լրագրության ակումբը միջոցառման տեղեկատվական աջակիցն է:  

 

Print Friendly and PDF